Քծնանքը ոչ միայն «արվեստ» է, այլև քաղաքական ուղեցույց
Կան քծնանքի վարպետներ, որոնք գուցե արժանի են յուրօրինակ մրցանակի։ Նրանք քծնանքը վերածել են արվեստի, հասցրել են կատարելության, նրանք այդ բնագավառի դասականներն են։
Նրանց շնորհիվ քծնանքը դարձել է նաև քաղաքական կանխատեսման էտալոն։ Այդ մարդիկ օժտված են բացառիկ հոտառությամբ, նրանք ոչ թե գիտակցությամբ, այլ բնազդով են զգում ապագայում կատարվելիք բոլոր ներքաղաքական դասավորվածությունները։
Ոմանք այնքան արագ են սկսում քծնել նոր իշխանություններին ու դատապարտել նախկիններին, որոնց քծնում էին երեկ, որ այդ ակնթարթային ժամանակահատվածում դեռևս նախկինները չեն հասցնում գիտակցել, որ իրենք արդեն նախկին են, իսկ նորերը՝ արդեն իշխանություն են։
Քաղաքական առումով խիստ օգտակար է հետևել «դասականների» գրառումներին։ Եթե երկրում կատարված նույնիսկ ամենաողբերգական դեպքերի ժամանակ լռում են, ուրեմն գործող իշխանությունների տեղը դեռ ամուր է։ Եթե գրում են անառարկելի ճշմարտություն հանդիսացող դատարկաբանություններ․ օրինակ՝ բոլոր մարդիկ մահկանացուներ են, ուրեմն գործող իշխանությունների հեռացման նախադրյալներ դեռ չկան, իսկ եթե սկսում են քննադատել այնպիսի երևույթներ, որոնք իրականում կապ չունեն իշխանությունների հետ ու նույնիսկ նրանց ամենաարմատական ընդդիմադիրների մտքով չէր անցնի դա շրջանառել, օրինակ՝ այս ինչ խաչմերուկի լուսացույցն արդեն 2 ժամ է՝ չի աշխատում, ի՞նչ են մտածում պատասխանատուները, ուրեմն գործող իշխանության վախճանը օրերի հարց է։ «Դասականներն» այդ զգում են ոչ թե վերլուծության, այլ ինչպես արդեն նշել էինք զուտ հոտառության արդյունքում։
Նման մարդկանց երբեք մի հանեք ձեր «ընկերների» ցանկից, նրանք հրաշալի լակմուսի թուղթ են ու ուղեցույց։