Կոմիտասի անվան զբոսայգու և պանթեոնի տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն

Կոմիտասի անվան զբոսայգու և պանթեոնի տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։

1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։