Չի բացառվում մոտ ապագայում ձվի պատճառով մարդիկ արտաքսվեն երկրից
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ իր իմանալով, դաշնակցականների մուտքը Հայաստան արգելել են Փաշինյանի մեքենայի վրա ձու նետելու պատճառով։
Եթե Սինանյանի տեղեկությունները սխալ են, ապա վատ է, քանի որ ձուն ընդամենը հանրությանը ներկայացնելու տարբերակ է, իսկ իրականությունը կարող է լինել Փաշինյանի ֆիզիկական վախերն ընդդիմությունից ու մարդկանց ամեն գնով պատժելու մոլուցքը։
Իսկ եթե ճիշտ է, ապա կրկնակի վատ է, քանի որ ձևավորվում է անձի պաշտամունք ու Փաշինյանով է սկսում պայմանավորվել Հայաստան ելքն ու մուտքը։
Սինանյանն իր խոսքում նշում է, որ անընդունելի է հարձակումը պետական դրոշը կրող մեքենայի վրա։ Այս մանիպուլյատիվ ձևակերպումը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, քանի որ այլ բան է զինված հարձակումը, ինչը կարող է դիտվել ահաբեկչական գործողություն, այլ բան է ձու նետելը, որն ընդամենը բողոքի արտահայտման ձև է։
Նույնիսկ եթե ձուն դիպչեր անձամբ Նիկոլ Փաշինյանին, վստահաբար Հայաստանում արտահերթ ընտրություններ չէին լինի, քանի որ պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ մարդը մահացել է ձվով հարված ստանալուց։
Նման տրամաբանությամբ, ձու նետելու համար ոչ միայն մարդկանց մուտքը (բնականաբար հայերի, քանի որ ոչ մի ճապոնացի որևէ մոտիվացիա չի ունենա Փաշինյանին ձևով հարվածելու) Հայաստան պետք է արգելվի, այլև ՀՀ այն քաղացիները, որոնց մտքով կանցնի Փաշինյանի մեքենային հարվածել ձվով կամ ցանկացած այլ սննդամթերքով, պետք է զրկվեն քաղաքացիությունից ու արտաքսվեն երկրից։