Խոնարհվելով Վազգեն Սարգսյանի արձանի առջև, Փաշինյանն ուղղակի քծնում էր ընտրողներին. Բանակն ատողը չի կարող սիրել բանակը ստեղծողին. Mediahub
Այսօր իր քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ծնկի եկավ Վազգեն Սարգսյանի արձանի առջև ու հետաքրքիր է՝ ինչո՞ւ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերն Արցախի ազատագրման հարցում։ Եթե դա էր Նիկոլ Փաշինյանի «ակնածանքի» պատճառը, ապա նա համարում է, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, իսկ Ղարաբաղյան շարժումը թակարդ էր Հայաստանի համար, այն պարանն էր, որը մեր «վզներից գցած» աշխարհաքաղաքական կենտրոնները տանում էին այս կամ այն կողմ։ Հետևաբար Վազգեն Սարգսյանն այդ «թակարդը» լարելու ու «պարանը մեր վզները գցելու» շարժման կարկառուն ներկայացուցիչներից է, ուստի Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է ծնկի գար նրա արձանի առջև, այլ մի երկու քննադատական խոսք էլ ասեր նրա հասցեին։
Հատկանշական է նաև, որ Արցախը հանձնելով, Փաշինյանը թույլ տվեց ադրբեջանցիներին անարգել Վազգեն Սարգսյանի արձանը։ Իհարկե այդ խառը օրերին արձանի ապամոնտաժումն ու Հայաստան տեղափոխելը գուցե իրատեսական չէր, սակայն հանգիստ կարող էին պայթեցնել, բայց չթողնել ադրբեջանցիների հոշոտմանը։
Եթե կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանին կարող էր հետ պահել այն փաստը, որ Վազգեն Սարգսյանը ողջ չէ, ապա սխալվում եք։ Այդ անձի համար չկա բարոյական որևէ արգելք, եթե մարդը չի խորշում այլոց մեղադրել ողջ մնալու մեջ, ապա չի խորշի մեղադրանք ներկայացնել նաև հանգուցյալներին։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը նաև բանակաշինության գործում, այն նույն բանակի, որը հաղթանակ տարավ Արցախյան առաջին պատերազմում ու մեզ «գցեց թակարդը», այն նույն բանակի, որը շուրջ 30 տարի անառիկ էր պահում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն ու դրանով թույլ չէր տալիս «բարեկիրթ» Ալիևին ու «նորն արարող» Փաշինյանին «պարան հանել մեր վզից»։
Վազգեն Սարգսյանն այն նույն բանակի հիմնադրման գլխավոր դերակատարներից էր, որը տասնյակ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն իրեն պատկանող լրատվամիջոցով փորձում էր սևացնել ամեն գնով ու ըստ լուրերի կամ երևի ասեկոսեների, որոշակի պատիժների է արժանացել նույն Վազգեն Սարգսյանի կողմից։
Վազգեն Սարգսյանն այն իշխանության ներկայացուցիչներից էր, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը կառավարում էր կոնֆլիկտների տրամաբանությամբ, ծառայեցնելով բացառապես իրենց սեփական շահերին։
Եթե ծնկի էր եկել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «խաթր», ապա այդ վարկածը նույնպես կարծես չի աշխատում, որովհետև համառորեն պտտվում են լուրեր, որ Նիկոլ Փաշինյանի ու Արամ Սարգսյանի ջրերն այլևս մի առվով չեն հոսում։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանը չուներ որևէ մոտիվացիա Վազգեն Սարգսյանի արձանի առջև ծնկի գալու, նրա այդ քայլը նման է ճիշտ այն շողոքորթությանը, որը ակնհայտ է Եռաբլուրում խոնարհվելուց։ Այսօր նա պարզապես քծնում էր ընտրողներին, ուրիշ ոչինչ։
Կարեն Կարապետյան