Հայաստանը ՌԴ հետ հարաբերություններում հասել է այն եզրագծին, որին հաջորդելու է վերջնական աղետն ու չգոյությունը. Mediahub

Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը մոտեցել է այն եզրագծին, որից այն կողմ վերջնական խզումն է, եթե ոչ թշնամանքը, ինչին էլ բնականաբար հաջորդելու է աղետը։ Այս իշխանությունների դավաճանությունը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Մանիպուլացնելով հանրությանը ու գեներացնելով հակառուսական տրամադրություններ, նրանք երբեք նույն հանրության առաջ չեն բացել այն հեռանկարները, որոնք սպասվում են մեզ։
Եթե ռուսները հեռանան Հայաստանից, ապա Հայաստանի վերջնական թուրքացման բոլոր խոչընդոտներն իսպառ կվերանան։ Հայաստանը միանգամից Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կենթարկվի էքսպանսիայի, թիկունքում ունենալով Արևմուտքի անվերապահ աջակցությունը։
Մենք սովորաբար միշտ փորձում ենք հանրության հետ խոսել քաղաքական տերմինալոգիայով, ինչն էլ հավանաբար հենց առաջին քաղաքական սխալն է, որովհետև արդյունքում մնում ենք չհասկացված։
Հետևաբար փորձենք պարզ, մարդկային լեզվով ներկայացնել այն պատկերը, որը կձևավորվի Հայաստանում։ Թե’ Թուրքիայի, թե’ Ադրբեջանի կողմից միանգամից ֆինանսական հսկայական ներդրումներ կկատարվեն Հայաստանի բոլոր ճյուղերում, սկսած ռազմավարական նշանակության ոլորտներից, մինչև կենցաղ։ Անշուշտ այդ ներդրումները կհանգեցնեն կենսամակարդակի որոշակի բարձրացմանը, բայց դա նման կլինի նրան, երբ անասունին մորթելուց առաջ գիրացնում են։ Մեր բոլոր մասնավոր կառույցներում կտեսնենք ոչ միայն թուրք սեփականատերերի, այլև թուրք աշխատողների։ Թուրքերը Հայաստանում կգնեն տներ, օբյեկտներ, տարածքներ։ Թե’ թուրքերը, թե’ ադրբեջանցիները մշտական բնակություն կհաստատեն Հայաստանում։ Հայաստանի ողջ տարածքով Թուրքիան ու Ադրբեջանն անխափան կապ կիրականացնեն, այլ խոսքով՝ Հայաստանն իրենց համար կդառնա տարանցիկ ճանապարհ, այսինքն ոչ միայն «Զանգեզուրի միջանցքն է» տրամադրվում որպես կապուղի, այլ ամբողջ Հայաստանը։
Շատ կարճ Ժամանակահատվածում կփոխվի Հայաստանում ազգաբնակչության հարաբերակցությունն ու թուրքերն ու ադրբեջանցիները կդառնան ազգային մեծամասնություն, իսկ մենք մեր երկրում ազգային փոքրամասնություն։
Ժանանակին Թուրքիայում ասում էին, որ հիմարություն էր Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պատերազմելը, որովհետև “մենք առանց մի փամփուշտի ու ժպտալով կվերցնեինք ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը”։
Ուստի ես բազմիցս եմ ասել, որ 1988 թվականի Արցախյան շարժումը ադրբեջանացումից փրկեց և’ Արցախը, և’ Հայաստանը։
Իհարկե այս ամենը չի նշանակում, որ երբեք չպետք է կարգավորվեն հարաբերությունները հարևան երկրների հետ, սակայն այդ կարգավորումը պետք է լինի իրավահավասար սկզբունքով, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական կողմից պարտադրանքի, իսկ Հայաստանի կողմից աղերսանքի մթնոլորտում։ Հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն այն ժամանակ, երբ կա ուժեղ դիրքերից հանդես եկող Հայաստան։ Մենք թուրք-ադրբեջանական էքսպանսիայից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ կա ազգային ու քաղաքականապես գրագետ իշխանություն։
Շատերը ուժեղ պետություն ասելով հասկանում են բացառապես զենքի ուժը, ինչն անշուշտ կարևոր է, բայց ոչ միակը։ Ուժեղ է նաև այն պետությունը, որը շրջապատված է դաշնակիցներով ու գործընկերներով, որն ունի միջազգայնորեն վստահելի համբավ, վարում է ճկուն ու խելացի դիվանագիտություն, պայքարում է իր իրավունքների համար միջազգային բոլոր ատյաններով, որը միջազգային սուբյեկտ է, այլ ոչ թուրք-ադրբեջանական երազանքների իրականացման օբյեկտ։
Այսօր բոլոր նշվածները Հայաստանում բացակայում են ու ամենաաղետաբերը՝ ունենք թուրքերին քծնող, ստորաքարշ իշխանություն։
Իսկ հիմա պատկերացնենք, որ ռուսները փորձում են ոչ մի գնով դուրս չգալ Հայաստանից, իհարկե ոչ հանուն հայերի, այլ հօգուտ իրենց աշխարհաքաղաքական շահերի։ Սա նույնպես աղետ է, որի համար մենք շատ թանկ գին ենք վճարելու, շատ թանկ։ Այնպիսի գին, ինչպիսին վճարում են ուկրաինացիները, կամ ինչպիսի գին տարիներ առաջ վճարեցին վրացիները, երբ ռուսական տանկերը կանգնեցին Թբիլիսիի մատույցներում։
Ու ի՞նչ արեց Արևմուտքը երկու դեպքում էլ։ Վրաստանում մինչ օրս հրահրում է ներքին քաղաքական անկայունություն, իսկ Ուկրաինայի դեպքում ստացել է մի մասնատված մոզաիկա, որը երբեք այլևս նախկին տեսքով հնարավոր չի լինելու հավաքել։
Ու հնարավոր է մենք կրկին աղաչանքով նետվենք ռուսների գիրկը՝ ունենալով տարածքային ցավոտ կորուստներ։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի