Փաշինյանը խրախուսում է յուրայինի վրա «գործ տվողներին», ողջունում՝ «դանոս գրելը». ՔՊ-ականների ազգականները կլցվեն ՀԷՑ. Mediahub

Այսօր Փաշինյանը հանդես է եկել հերթական գրառմամբ, որում ակնհայտորեն կա հանցակազմ ու եթե գլխավոր դատախազը չլիներ նույն ինքը, Նիկոլ Փաշինյանը (էն աղջիկը հեչ), ապա միանգամից քրեական գործ կհարուցվեր պաշտոնական դիրքը չարաշահելու, շանտաժի, սպառնալիքի ու Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց իրավունքները խախտելու հոդվածներով։

Իր գրառման առաջին կետով Նիկոլ Փաշինյանը սպառնում է աշխատանքից հեռացնել ՀԷՑ այն աշխատակիցներին, որոնք իր իսկ ձևակերպմամբ՝ կմասնակցեն «քաղաքական խարդավանքներին»։ Նման հայտարարությունը երկրի ղեկավարի կողմից նախ՝ լիազորությունների չարաշահում է, քանի որ նա իրավունք չունի ՀԷՑ-ում մարդկանց աշխատանքից ազատել կամ աշխատանքի ընդունել։ Երկրորդը՝ նման գրառումը ուղիղ հրահանգ է ՀԷՑ ապագա կառավարչին՝ ազատվել բոլոր անցանկալի ու ընդհանրապես աշխատողների մեծամասնությունից ու ՀԷՑ-ը լցնել ՔՊ-ականների ազգականներով, ընկերներով, հարսներով-փեսեքով, հորով-մորով, քավոր-սանիկով, սկսեսուր-զոքանչով…ու առանձնապես հավատարիմ ծառայող պողոսներով։

Երրորդը՝ ի՞նչ է նշանակում «քաղաքական խարդավանք»։ Քրեական օրենսգրքում նման հոդված գոյություն չունի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պայքարել, մասնակցել հանրահավաքների, ցույցերի, գործադուլների, դասադուլների, հացադուլների ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, չարիք, նեռ, հայրենադավ ու ազգուրաց։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն էլ իրավունք ունեն հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ, Գորիս-Կապան ճանապարհը, Սև լիճը, Տավուշի գյուղերը, Գեղարքունիքի ու Վայոց ձորի տարածքները չեն հանձնվել, շուրջ 5 հազար զոհ չենք ունեցել, Բաքվի բանտերում հայեր չկան, այդ ամենը խաբկանք է, վատ երազ ու ընդդիմության մեղադրանքը։ Թող հայտարարեն ու մարդիկ իրենք կորոշեն, ո՞ւմ հավատալ, ում՝ ոչ։

Բայց այդ ամենը ձևակերպել որպես «քաղաքական խարդավանք» ընդամենը շանտաժ է, գումարած ողորմելի, ճղճիմ, էժանագին քայլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կողմից։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանն անձամբ խախտում է սահմանադրական կարգը, մարդկանց փորձելով զրկել իրենց իրավունքներից, ինչի համար միանշանակ պետք է կանգնի դատարանի առաջ։

Գրառման երկրորդ կետով նա սպառնում է դատել բոլոր նրանց, որոնք մյուսներին կհարկադրեն մասնակցել հանրահավաքների։

Իսկ ի՞նչ է նշանակում հարկադրել, ո՞վ է որոշում հարկադրանքի սահմանը կամ ո՞ր չափանիշներով հանրահավաքին մասնակցելը կարող է համարվել հարկադրանք։ Օրինակ՝ ես հորդորում եմ իմ հարևաններին, ընկերներին ու հարազատներին անպայման մասնակցել Փաշինյանի դեմ իրականացվող բոլոր միջոցառումներին։ Առավել մոտիկներին էլ կարող եմ ասել՝ «եթե չմասնակցես, կարող ես այլևս ինձ բարև չտալ»։ Սրանք հակրադրա՞նք են, հոգեբանական ճնշո՞ւմ, բնականաբար՝ ոչ, ես օգտվում եմ իմ իրավունքից ու հորդորում եմ, մյուսներն էլ կարող են օգտվել իրենց իրավունքից, ականջալուր լինել իմ հորդորին, կամ ոչ։

Բացի այդ, այս կետով Նիկոլ Փաշինյանը կրկին խախտում է օրենքը, գերազանցելով իր լիազորությունները։ Նա հերթական հրահանգն է իջեցնում իրավապահ մարմիններին՝ հարուցել քրեական գործեր, իսկ դատավորներին՝ կայացնել մեղադրական վճիռներ։ 

Ինչ վերաբերում է մյուս կետին, համաձայն որի, սույն անձը խոստանում է հանրահավաքներին չմասնակցած անձանց խրախուսել, ապա սա շատ ավելի խորքային, արժեհամակարգային խնդիր է։ Բոլորս էլ դպրոցում սովորել ենք ու կհիշենք, թե ինչպես էինք նայում այն աշակերտներին, որոնք դասատուի աչքը մտնելու համար խելոք նստում էին դասարանում այն դեպքում, երբ բոլորս որոշում էինք փախչել դասերից։ Այսինքն, Փաշինյանը խրախուսում է մարդկանց «իզգոյ» կարգավիճակը, գործընկերներին «գցելու» հնարավոր քայերը։ Ավելին՝ Փաշինյանը զարգացնում է գործընկերների վրա «գործ տալու», «դանոս գրելու» ինստիտուտը, որովհետև էլ ո՞ւմ միջոցով են պարզելու, թե ովքե՞ր են մարդկանց «պարտադրում» մասնակցել «քաղաքական խարդավանքների», եթե ոչ դասարանում խելոք նստած այս «գերազանցիկների», եթե իհարկե այդպիսիք կգտվեն։ Իսկ եթե իրոք գտնվեն, ապա ես իմ երեխաներին միշտ խորհուրդ եմ տալու հեռու մնալ նմանատիպ «գերազանցիկներից» ու յուրաքանչյուր հանդիպմանն արժանացնել նրանց արհամարհանքի։

Ի դեպ, Վանո Սիրադեղյանը միշտ խորհուրդ էր տալիս հեռու մնալ «ակնոցներ» կրող «ոսկե մեդալակիրներից»։ Բնականաբար, Սիրադեղյանի խոսքերը պետք չէ ընկալել տառացիորեն ու բառիս բուն իմաստով խուսափել բոլոր նրանցից, որոնք ակնոց են կրել կամ դպրոցն ավարտել ոսկե մեդալով, բայց կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանություններում ու ՔՊ-ում առավել բութ գործիքի կարգավիճակ ունեն ու առավել ագրեսիվ են նրանք, որոնք ակնոցներ են կրում ու թողնում «ոսկե մեդալակրի» տպավորություն։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am