Փողոցային պայքարը լուրջ գործիքակազմ է, իշխանության գործը կարող է դժվարանալ. Կարեն Կարապետյան

Փողոցային պայքարը շատ լուրջ գործիքակազմ է, որը ընդդիմությունը պետք է կիրառի։ Երբ փողոցում գեներացվում է մեծ հանրություն, դժգոհությունների մեծ ալիք, հանրահավաքներ, ցույցեր ու անհնազանդության ակցիաներ ու այդ ամենով գնում ես ընտրությունների, բնականաբար իշխանությունների գործը շատ ավելի է դժվարանում, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն ամենից շատ սարսափում է հանրային լայն կոնսոլիդացիայից ու դժգոհության մեծ ալիքից։ Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը նախքան ընտրությունները, սակայն մնացել է ընդամենը երկու ամիս, ու եթե ընդդիմությանը հաջողվի ընտրության գնալ միաժամանակ կոնսոլիդացնելով փողոցը, ապա Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու որևէ շանս չի մնա։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցությանը, ապա մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարելն ու պարզապես խմբակցություն ունենալն ինքնանպատակ չէ։ Հետևաբար մենք չմասնակցեցինք ընտրություններին, որպեսզի չմասնատենք ընդդիմադիր ձայները։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտադրել՝ չմասնատել, այլ ոչ՝ փոշիացնել, որովհետև դրանք տարբեր նշանակություններ ունեն, իսկ ես վստահ եմ, որ մասնակցության դեպքում կարող էինք հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը, հետևաբար ձայների փոշիացման մասին խոսք իսկ լինել չի կարող։ Սակայն քանի որ մեր նպատակը ուղղակի շեմը հաղթահարելը չէ, մենք որոշեցինք չմասնակցել ընտրություններին, չմասնատել ընդդիմադիր ձայներն ու հնարավորություն տալ այն ուժերին, որոնք հայտարարել են, որ անպայման հասնելու են իշխանափոխության ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ու նա հունիսի 7-ին այլևս չի լինելու ՀՀ վարչապետ։ Հույս ունեմ հունիսի 7-ին նրանց կհաջողվի հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

Ի դեպ, «Հայրենիք» կուսակցության ներկայիս հայտարարությունը նույն տրամաբանության մեջ է, ինչ Արթուր Վանեցյանի կողմից ժամանակին մանդատից հրաժարվելը, երբ նա ոչ միայն պարզապես պատգամավոր էր, այլ խմբակցության ղեկավար։ Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր մոտեցումները չեն փոխվել։ Նպատակը մնում է նույնը՝ ոչ թե անցողիկ շեմը հաղթահարելով ունենալ ընդամենը խմբակցություն, այլ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում