2018-ին ՀՀ Սահմանադրությունն ընկավ կոմայի մեջ, իսկ նրա գլխավոր երաշխավորը զբաղված է միայն թաղումների մասնակցելով. Mediahub

Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակն է, ու բոլորս ոչ թե պետք է շնորհավորենք միմյանց մի բանի կապակցությամբ, որն արդեն շուրջ 7 տարի է, ինչ գոյություն չունի, այլ ջանքեր գործադրենք, որպեսզի մոտ ապագայում վերականգնենք սահմանադրական կարգը։
Այսօրվա շնորհավորանքները նման են նրան, որ մարդիկ կոմայի մեջ գտնվող հիվանդի ծննդյան օրը գնան հիվանդանոց, նրա հիվանդասենյակում տոնախմբություն կազմակերպեն, սակայն հոբելյարն այդ ամենին մնա անհաղորդ։
Իսկ ՀՀ Սահմանադրությունը կոմայի մեջ ընկավ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը, մանիպուլացնելով հանրությանը, շանտաժներով ու սպառնալիքներով, օտարերկրյա որոշ պետությունների ու կազմակերպությունների օժանդակմամբ, սահմանադրական կարգի տապալմամբ եկավ իշխանության։
Հուլիոս Կեսարը հաճախ էր սիրում կրկնել Եվրիպիդեսի հետևյալ խոսքերը. «Օրենքները խախտիր միայն իշխանության գալու համար, մնացած բոլոր դեպքերում պարտավոր ես հարգել այն»։
Իհարկե, Փաշինյանը թերուս է ու նեղ մտահորիզոնով, հետևաբար նա դժվար ոչ միայն լսած լինի Եվրիպիդեսի մասին, էլ ուր մնաց առաջնորդվի վերջինիս անընդունելի խորհրդով, ուստի նա, տապալելով սահմանադրական կարգը ոչ միայն կանգ չառավ իշխանության գալուց հետո, այլ հետևողականորեն այդ նույն Սահմանադրությունը հավասարեցրեց զրոյին, տեղ-տեղ էլ հարմարեցնելով Ալիևի քիմքին։
Անկախ նախկինում եղած բոլոր իրավախախտումներից ու թերություններից՝ Փաշինյանը Սահմանադրության ոտնահարումը հասցրեց կատարելության։ Նա բացահայտորեն ու ցինիզմով վերացրեց Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Գործադիր, օրենսդիր ու դատական մարմիններ այլևս գոյություն չունեն, կա ընդամենը իշխանության հասած մի զույգ ու այդ զույգի կամքն իրականացնողներ՝ ստորաքարշ խամաճիկներ։
Այս ամենի միակ «ողջունելի» կողմը «բութ անկեղծությունն է»։ Ոչ մի ձևականություն, ժամանակի ոչ մի ավելորդ կորուստ։ Լինելով գործադիրի ղեկավար՝ նա առանց այլևայլության կարգադրում է օրենսդիր մարմնի այս կամ այն ներկայացուցչին վայր դնել մանդատը, հենց Ազգային ժողովի նիստերում առանց որևէ մեկից քաշվելու իր մոտ է կանչում իր սեփական պատգամավորներից ցանկացածին ու կապից բաց թողնում ընդդիմադիրների վրա։
ՀՀ վարչապետ հանդիսացող անձը հենց ԱԺ ամբիոնից հրահանգավորում է իրավապահ մարմիններին, հրամայում դատավորներին ու կայացնում կալանքի վճիռներ։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունից պարզապես վերացրել է այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են մարդու, քաղաքացու արժանապատվության, անձնական կյանքի, իրավունքի, հիմնարար ազատությունների ու սեփականության անձեռնմխելիության դրույթները։ Նիկոլ Փաշինյանին առընթեր Սահմանադրական դատարանի որոշմամբ ու Ալիևի անմիջական կարգադրությամբ Սահմանադրության մեջ ամրագրված Անկախության հռչակագրի դրույթները համարվեցին ընդամենը խզբզանք, որին ոչ մի ուշադրության պետք չէ արժանացնել, ու ընդհանրապես ՀՀ Սահմանադրությունը վերածվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խաղաքարտի. Ալիևի համար՝ որպես «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու պատրվակներից մեկը, Փաշինյանի համար՝ մանիպուլյացիաների միջոց։
Ու այդ նույն ժամանակահատվածում Սահմանադրության գլխավոր երաշխավորը՝ ՀՀ նախագահը, զբաղված է միայն թաղման բյուրոյի ներկայացուցչի պես սրա-նրա թաղումներին մասնակցելով ու պալատական խեղկատակի պես տարին 12 ամիս ռեժիմով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով, մեկ էլ, մեր՝ հարկատուներիս հաշվին կրկին տարին 12 ամիս տարբեր երկրներ այցելելով, հայտնի չէ, թե ինչի համար։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի