Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի
Թեպետ ՊՆ-ում տեղի ունեցան մի շարք պաշտոնանկություններ, բայց այդպես էլ չեղավ գլխավոր հրաժարականի լուրը։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում պաշտպանության նախարարն արդեն հրաժարական ներկայացրած կլիներ։
Բնականաբար ՊՆ ղեկավարը հրդեհի հետ ուղղակի կապ չունի, ցավոք ողբերգական դեպքերից երբևէ 100 տոկոսով ապահովագրվել հնարավար չէ, սակայն երբ որևէ գերատեսչությունում տեղի է ունենում նման մասշտաբների աղետ, քաղաքական և բարոյական պատասխանատվությունը պահանջում է ոլորտի թիվ 1 պատասխանատուի հրաժարականը։
Չլինի Պապիկյանի հրաժարականը, մնացած բոլոր պաշտոնանկություններն ինչ-որ չափով կկրեն ձևական բնույթ։ Անշուշտ, քանի դեռ ամբողջովին պարզ չեն դեպքի հանգամանքները, վաղ է որևէ հստակ գնահատական տալը։ Ենթադրում ենք նաև, որ կլինեն մարդիկ, որոնք կկրեն քրեական պատասխանատվություն, սակայն սրանք արդեն քրեաիրավական գործընթացներ են, որոնք ՊՆ ղեկավարի հրաժարականի վրա չեն կարող ազդել, քանի որ վերջինիս հրաժարականը, կրկնում ենք, առաջին հերթին քաղաքական և բարոյական պատասխանատվության ցուցիչ պետք է լինի։
Բնականաբար, քաղաքականապես տգետ, գաղափարազուրկ, պատեհապաշտ ու պոպուլիստ, արևէ արժեհամակարգի վրա չհենվող իշխանությունից չենք ակնկալում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական պատասխանատվություն, պարզապես ներկայացնում ենք ինչ կլիներ ցանկացած մեկ այլ, իրեն հարգող պետությունում։