Այս իշխանությունները մահ են սփռում ամենուր

Ինչ խոսք, այս դարում մութ ուժերին հավատալը ոչ միայն ծիծաղելի է, այլև ոչ ռացիոնալ, առավել ևս՝ ապաքաղաքական։ Սակայն երբեմն դեպքերի շղթան կարող է հանգեցնել սնահավատության, ակամա թեքել այն կարծիքին, որ մարդկանց տների առջև դագաղներ, սգո պսակներ ու սև ժապավեններ կապելով իշխանության եկածները չեն կարող հագեցած չլինել բացասական այնպիսի լիցքով, ինչն ի վերջո մահաբեր կդառնա ողջ հանրության համար։ 

Այս իշխանություններն իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում միայն մահ են սփռել, այս իշխանության պաշտոնավարման ընթացքում մահեր են գրանցվել այնպիսի հանգամանքներում, ինչպիսին չեն եղել ՀՀ դեռևս ոչ մի իշխանությունների օրոք։ 

44-օրյա ու սեպտեմբերյան պատերազմում զոհերի թիվը գերազանցել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրանցված բոլորի ժամանակների պատերազմների, բախումների զոհերի քանակին, թեև Հայաստանն անկախացումից ի վեր մշտապես փաստացի գտնվել է պատերազմի մեջ։ Սակայն եթե պատերազմները կարելի է կապել նաև արտաքին գործոնով (դրանից իշխանությունների մեղքի բաժինը չի փոքրանում), ապա մահեր կան, որոնք որևէ կերպ կապել Ադրբեջանի հետ հնարավոր չէ։ 

Հայաստանի բոլոր ղեկավարներին մշտապես ուղեկցել են՝ փողոցները փակելով, սակայն դեռևս ՀՀ ոչ մի քաղաքացի չէր զոհվել՝ ընկնելով երկրի ղեկավարի ավտոշարասյան տակ։

Հայաստանում մշտապես եղել են բողոքի ակցիաներ ու նստացույցեր, սակայն դեռևս ոչ մի քաղաքացի գիշերը վրանում հանկարծամահ չէր եղել։ 

Հայաստանում միշտ եղել են քաղաքական ենթատեքստով դատավարություններ, սակայն դեռևս ոչ ոք սեփական գործով դատական նիստի ժամանակ հանկարծամահ չէր եղել։

Հայաստանի անկախացումից առ այսօր գործել են բազմաթիվ տոնավաճառներ ու մոլեր, սակայն երբևէ որևէ տոնավաճառում պայթյուն չէր եղել, ու տասնյակ զոհեր չէինք ունեցել։

Երբևէ, ոչ մի իշխանության օրոք զորանոցում հրդեհ չէր բռնկվել ու 15 զինծառայող չէր զոհվել՝ այրվելով կրակներում։ 

Եթե կան դեպքեր, որոնք պատահաբար բաց ենք թողել, կարող եք հուշել, սակայն ակնհայտ է, որ որքան էլ մարդն ունենա ռացիոնալ մտածողություն ու զերծ սնահավատությունից, այնուհետև հարկ է փաստել, որ այն ողջ բացասական էներգիան, որը կուտակել են այս իշխանությունները, չեն կարող դրական արդյունք տալ։