ԱՄՆ-ն ու Բաքուն են որոշելու, թե Հայաստանի տարածքով անցնող միջանցքն ինչ լայնություն է ունենալու, ինչը հիշեցնում է Փաշինյանի սիրած «Կարգին հաղորդման» սկեչներից մեկը. Mediahub

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում մեջբերումներ անել «Կարգին հաղորդման» սկեչներից։ Հետևելով այդ նախասիրությանը՝ մենք նույնպես հիշեցինք դրանցից մեկը, երբ «բիձեն» «ջահելներից» մեկին ասում է. «Չաղո ջան, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում»։ Ներկայումս, հետևելով ՀՀ արտաքին քաղաքականությանը, ակամայից հարց է առաջանում՝ միջպետական ու միջազգային հարաբերություններում որևէ մեկը մեր կարծիքը հարցնո՞ւմ է։ Եթե շրջանցենք նախկինում եղած բոլոր օրակարգային հարցերը, որովհետև դրանք արդեն որոշակի առումով մնացել են անցյալում, ու կենտրոնանանք միայն ներկայիս «խաղաղության պայմանագրի» ու TRIPP-ի հարցերին, ապա ցավալիորեն պետք է փաստենք, որ այդ երկու օրակարգերի հետ կապված նույնպես մենք չունենք ձայնի իրավունք, ու այդ մասին, բացի Նիկոլ Փաշինյանից ու Իլհամ Ալիևից, հաստատում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։

«Խաղաղության պայմանագրի» հետ կապված Արարատ Միրզոյանը տառացիորեն հայտարարեց հետևյալը՝ որպեսզի այն կնքվի, Ադրբեջանը որպես նախապայման դրել է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Իսկ որևէ նախապայման Հայաստանը երբևէ առաջ քաշե՞լ է, որևէ պահանջ ներկայացրե՞լ է, որևէ կետի շուրջ անհամաձայնություն հայտնե՞լ է։ Կա՞ մի բան, որը պետք է փոխի, որից պետք է հրաժարվի կամ ինչը պետք է կատարի Ադրբեջանը։ Վստահաբար՝ ոչ, հակառակ դեպքում մենք այդ մասին կլսեինք 24/7 ռեժիմով։ Այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ կապված Հայաստանի ցանկություններն ու կարծիքը ոչ ոքի պետք չէ։

Նույնը վերաբերում է նաև TRIPP-ին, ինչը այս անգամ, ի տարբերություն Արարատ Միրզոյանի, հաստատեց Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Ջեյհուն Բայրամովը, հայտարարելով, որ «TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ»։

Ի դեպ, սա նույնպես հնչում է պահանջի տեսքով, ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրության փոփոխության պարագայում, մինչդեռ առաջին հերթին ամենը պետք է համաձայնեցվեր Հայաստանի հետ, թեկուզ այն պարզ պատճառով, որ այն անցնում է Հայաստանի տարածքով։

Հետևաբար, ի՞նչ է ստացվում՝ ԱՄՆ-ն ու Բաքուն պայմանավորվելու են TRIPP-ի հետ կապված պարամետրերի վերաբերյալ, որոշելու են, օրինակ, դրա լայնքը, թե Հայաստանը քանի քառակուսի կիլոմետրով է զրկվելու իր սեփական տարածքները տնօրինելու իրավունքից, ու հանձնեն Հայաստանին ի կատարումն։ Իսկ որևէ բան համաձայնեցվելո՞ւ է մեր հետ, որևէ մեկը մեր կարծիքը հարցնելո՞ւ է։ Իհարկե, ոչ։ Ու դա խիստ տրամաբանական է, որովհետև քաղաքականությունը միջանձնային հարաբերությունների գլոբալ մակետն է, իսկ թե մարդկային, թե միջազգային հարաբերություններում որևէ մեկը պարտվածի կարծիքը չի հարցնում։

Կարեն Կարապետյան