Հայաստանը մահանում է ծանր ու երկարատև հիվանդությունից, իսկ ընդդիմությունը սպասում է հրաշքի

Տավուշի հողերի հանձնումը երեկ տեղի չունեցավ, երեկ ընդամենն արձանագրվեց այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր տևական ժամանակ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանկարծամահ է լինում, բոլորի համար անսպասելի, այլ մահանում է ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։ Քաղաքական առումով բժշկի դերը պետք է ստանձնի ընդդիմությունը, բայց այն բժշկի, որը կոնկրետ բուժում է հիվանդին, երբեմն ոչ ստանդարտ ճանապարհով, երբեմն ցավ պատճառով, երբեմն հիվանդի կամքին հակառակ․․․բայց հույսը չի դնում հրաշքի վրա։

Սակայն եթե բժշկության մեջ հիվանդը երբեմն կարող է առողջանալ հրաշքով կամ Աստծո կամոք, քաղաքականության մեջ հրաշքներ ու Աստծո միջամտություն չի լինում։ Քաղաքականությունը քայլերի ամբողջականություն է, որը պետք է հանգեցնի արդյունքի, չկան քայլեր, չի լինում և արդյունք։ Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե քաղաքականությունը հարցազրույցներ տալն է կամ ստատուս գրելը։ Դրանք ընդամենը մասնիկներն են քաղաքականության, բայց ոչ շարժիչ ուժը։ Եթե քաղաքական միավորը բավարարվում է միայն հարցազրույցներ տալով ու ստատուսներ գրելով, վերածվում է ընդամենն ինտելեկտուալ ակումբի, ուրիշ ոչինչ։

Նման պարագայում կամա թե ակամա ստացվում է, որ եթե Հայաստանի հանձնման ուղիղ դերակատարը իշխանությունն է, ապա անուղղակի պատասխանատուն ընդդիմությունն է, որովհետև նա է ստանձնել գործընթացը կասեցնելու, շտկելու ու վերջապես իշխանություններին հեռացնելու պարտավորությունը։

Նախքան Տավուշի տարածքների հանձնումը, ընդդիմությունը պետք է օր ու գիշեր շրջեր Հայաստանի բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով ու տներով, թակեր բոլոր դռները, եթե մի տեղ դռնից դուրս հանեին, պետք է պատուհանից ներս մտներ։ Պետք է հանդիպեր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, բացատրեր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ՔՊ-ն գաղափարազուրկ է ու թշնամու օրակարգը սպասարկող։ Բայց նման բան տեղի չունեցավ, նույն հարցազրույցները նույն լրատվամիջոցներին, նույն ստատուսներն ու նույն լայքերը։

Արդյունքում տեղի ունեցավ Տավուշի տարածքների հանձնման փաստաթղթավորում, ու դարձյալ լռություն ընդդիմության կողմից։ Չհաշված լոկալ բնույթի բողոքի ակցիաները, ընդհանուր առմամբ Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով, հուզմունքի և ոչ մի նշույլ, սակայն հիմա պետք է Հայաստանն ուղղակի «պայթեր» դժգոհության ու քաղաքացիական անհնազանդության ալիքից։

Այս հանգստության պատճառն ամենևին այն չէ, որ հասարակությունը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հայրենադավության հետ, ո՛չ, պարզապես չկա այն կայծը, չկա այն շարժիչ ուժը, որը մարդկանց ոտքի կհանի։ Հասարակությունն առանց առաջնորդի «ինքնաբուխ» հուժկու հանրահավաքներ, երթեր ու անհնազանդության ակցիաներ չի անում, չկա առաջնորդ, չի լինում և անհնազանդություն։

Հետևաբար ինչի՞ն է սպասում կամ ինչո՞ւ է լռում ընդդիմությունը։ Կարող է լինել մի քանի վարկած։

1․ Ընդդիմությունը սպառել է իրեն, չունի հավատ սեփական ուժերի նկատմամբ, չունի գործողությունների մշակված սցենար, չունի առաջնորդ, որը կարող է մոբիլիզացնել ընդդիմադիր ռեսուրսի ճնշող մեծամասնությունը (ամբողջական մոբիլիզացում երբեք ու ոչ մի տեղ չի լինում), ինչն էլ կհանգեցնի հասարակության մեծամասնության մոբիլիզացմանը։

Եթե սա է պատճաոը, ապա կամ պետք է ընդդիմությունը շատ արագ վերագտնի իրեն, գնա հստակ քայլերի ու գործողությունների, կամ էլ պետք է անկեղծորեն խոստովանի, որ ինքն այլևս քաղաքական դաշտում անելիք չունի ու հեռանա։ Այո՛, հեռանա, որովհետև միևնույնն է նրա ներկայությունից ոչինչ չի փոխվում

2․ Հաջորդ պատճառը կոնֆորտ զոնայում հայտնվելն է։ Պետք է անկեղծ լինել ու ասել, որ այսօրվա խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, խորհրդարանում են բացառապես 2020 թվականի ողբերգական պարտության արդյունքում։ Չլիներ Նիկոլ Փաշինյան կործանարար երևույթը, այդ պատգամավորները ծոծորակները կտեսնեին, սակայն մանդատ չէին տեսնի, որովհետև ԱԺ-ում հայտնվելու համար նախ պետք է լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը դժվար է ասել այսօրվա պատգամավորների մեծամասնության մասին։

Իսկ հիմա, ստանում են նույն աշխատավարձը, նույն պարգևավճարները, նույն արտոնությունները, նույն «գրպանի ծախսի» համար նախատեսված գումարները, գնում են նույն գործուղումներին (մեր հաշվին), քննարկում են նույն քաղաքական օրակարգը ու հարևանների մոտ հավասարապես գլուխ են գովում՝ վիդիտ է լի, դեպուտատ եմ։

Տարբերությունը միայն նա է, որ եթե իշխանություններն ասում են՝ մածումը սև է, նրանք ասում են՝ ո՛չ, սպիտակ է, բայց դրանից մածունը թթվասեր չի դառնում, ու Հայաստանի աղետալի գործընթացն էլ չի կասեցվում։

3․ Ընդդիմությունը սպասում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք հանձն է առել, հանձնի բոլոր այն տարածքները, որը պահանջում են, ինչից հետո ընդդիմությունը առավել հուժկու գոռա՝ Նիկոլ դավաճան, փորձի հասնել ամբողջական իշխանափոխության ու արդեն սպիտակ թղթի վրա ստանձնի կառավարումը այն Հայաստանի, ինչ կմնա Նիկոլից հետո։ Իսկ եթե հիմա փորձի ստանձնել ՀՀ կառավարումը, բնականաբար ստանձնելու է նաև բոլոր այն խնդիրները, ինչի առաջ բոլորիս հասցրել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե սա է ընդդիմության նպատակը, ապա արդյո՞ք հասարակությանը պետք է նման ընդդիմություն։ Ո՞ւմ է պետք թագավորելը ավերակների վրա, կամ ի՞նչ է տալու հասարակությանն այլևս իշխանափոխությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը վերածվելու է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող անդեմ միավորի։

Արդարացումները, ձախողումներն այլոց վրա բարդելը, ժողովրդին պատասխանատու դարձնելը, դրանք բոլորն ընդամենը սեփական դեմքը սեփական աչքում փրկելու տարբերակներ են ու քաղաքական կատեգորիա չեն։ Քաղաքականությունը սիրում է չոր փաստեր ու արդյունքներ։ Կամ հասնում ես հաջողության ու անունդ գրվում է փառքի Օլիմպոսի գագաթին, կամ ոչ ոք քեզ երբևէ չի էլ հիշելու։

Որպես վերջաբան՝ ևս մեկ անգամ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանն այո՛, ազգակործան պատուհաս է, այո՛ դավաճան է, այո՛ կապիտուլյանտ է, այո՛ հողատու է, թերուս է, տգետ է, հոգեկան հիվանդ է, գործակալ է․․․կարելի է շարքը շարունակել, բայց մի բան փաստ է, որ այդ ամենով հանդերձ, նա մնում է ՀՀ վարչապետը ու շարունակում իր հայրենադավ գործունությունը։ Հետևաբար չնմանվենք Նիկոլին ու չդառնանք Նիկոլ՝ մեղքը բարդելով բոլորի վրա։ Փորձենք մեր ձախողումների պատճառները գտնել մեր մեջ, վերացնենք դրանք ու կասեցնենք այս կործանարար ընթացքը, որովհետև մինչ մենք ևս մի երկու հարցազրույց տանք, Նիկոլ Փաշինյանը Տավուշից անցնելու է Արարատի մարզի բնակավայրերի հանձնմանն ու այդպես շարունակ։

Կարեն Կարապետյան