Փաշինյանը չունի քաղաքական միտք, նրանը պատեհապաշտությունն է ու իշխանատենչությունը

Նիկոլ Փաշինյանը ստում է․ Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվել է պետական շահով և երբեք արտաքին օրակարգի հիմքում չի եղել պատմական Հայաստանը։ Պատմական ու իրական Հայաստանների հակադրումն արհեստական է ու կեղծ։ Երբ նա մեջբերում է Վանո Սիրադեղյանին, թող բարի լինի ցիտել ամբողջությամբ։ Վանո Սիրադեղյանը ճիշտ էր, երբ ասում էր՝ իրական Հայաստանը վերածում ենք պատմական Հայաստանի, ու հենց Նիկոլ Փաշինյանն է այն անձը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ իրական Հայաստանը վերածում է պատմականի։ Այս մասին Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Ես էլ մեջբերեմ Հրանտ Մաթևոսյանին, որն ասում էր, որ մարդն ու անասունն իրարից տարբերվում են հիշողությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր մեջից ջնջել է հիշողությունը և փորձում է բոլորի մեջից հանել պատմական Հայաստանի հիշողությունը»,-նշեց նա։

Ըստ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ նպատակ՝ ամբողջովին փակի 3-րդ Հանրապետության էջը, կերտի նոր հանրապետություն և իրեն հռչակի հիմնադիր հայր։

«Նա իրեն երևակայում է Ջեֆերսոն կամ Շառլ դը Գոլ, բայց այդ ամենի հիմքում նրա փառասիրությունն է, այլ ոչ պետական շահը։ Այդ ամենին էլ գումարենք, որ վերջերս Պլատոնի նման պետության մասին ինչ-որ զրույցների շարք է սկսել Տիկ Տոկում, ինչը նույնպես խայտառակություն է։ Փաշինյանը չունի քաղաքական միտք, նրանը պատեհապաշտությունն է ու իշխանատենչությունը»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։