Կարելի է գնդակահարել բոլոր այն մարդկանց, ովքեր կքայլեն Կառավարության շենքի մայթով

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել է դիմահար կրակոցով ոչնչացնել «Համերի» վարորդին, որը երեկ բարձրացել էր Կառավարության շենքի մայթ։

ՔՊ-ականի առաջարկը զարմանք չի առաջացնում երկու պատճառով։ Նախ, իշխանական այս խմբակն արդեն ապացուցել է, որ մարդկային կյանքն իրենց համար որևէ արժեք չունի։

Երկրորդը՝ այս մարդիկ ապրում են վախերով, ցանկացած ոք, որը մոտենում է Կառավարության շենքին, արդեն իսկ վտանգ է ներկայացնում։ Ցանկացած հանցանք, զանցանք, օրինախախտում, որն իրենց պատկերացումներում կարող է վտանգ հանդիսանալ իշխանության համար, պետք է ավարտվի մահվամբ։

Այդ դեպքում ավելորդություն է պարեկային ծառայությունը։ Երեկ պարեկներն ապացուցեցին, որ տասնյակ մեքենաներով չեն կարողանում արգելափակել ընդամենը մեկ ավտոմեքենայի ճանապարհը։ Ուստի, պարեկների փոխարեն կարելի է վարձել ընդամենը 2 քիլլերի, որոնք հերթափոխով կնստեն Կառավարության շենքի տանիքին ու կգնդակահարեն նրանց, ովքեր կհանդգնեն առհասարակ քայլել այդ շենքի մայթով։