Այսօրվանից ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն փողոցում շրջել կացիններով զինված
Այսօր կարճվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, պարզապես գործընթացը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Արսենյանը գործի կարճման դիմաց հատուցեց քծնանքով, ու ծառայամտությամբ, այնպես, ինչպես նախկինում ծառայում էր նախկիններին։ Երկու օր առաջ ԱԺ-ում հոխորտալն ու արցախցիներին ծախելը վարձի վերջին չափաբաժինն էր, որը մուծեց սույն մարդը, որն այդպես էլ կյանքում ոչինչ չդարձավ։ Տասնյակ տարիներով զբաղվեց գործարարությամբ, բայց այդպես էլ որպես «օլիգարխ» չընկալվեց, մուտք գործեց Ազգային ժողով (ասում են՝ մեկ անգամ ընտրակաշառք բաժանելով), ստեղծեց կուսակցություն, բայց այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ, ակնոցներ կրեց, սակայն մտավորականի չվերածվեց։
Բայց այստեղ հարցը ամենևին Գուրգեն Արսենյանը չէ, նրա հետ ամեն ինչ պարզ է։
Գլխավոր խնդիրը քննչական կոմիտեի պարզաբանումն է քրեական վարույթը կարճելու մասով։ Ըստ ՔԿ մամուլի խոսնակի, Գուրգեն Արսենյանի (տվյալ դեպքում որդու) մոտ հայտնաբերված դանակը (16.5 սմ երկարությամբ) խոհանոցային դանակ է, որը սառը զենք չի համարվում։ Գուցե խոհանոցային դանակ էր, սակայն ոչ բոլորն են փողոցում շրջում խոհանոցային դանակներով։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին (որդուն) բերման էին ենթարկել Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով, և դժվար է պատկերացնելը, որ նա իր համար խաչմերուկում կանգնած «խոհանոցային» դանակով երշիկ էր կտրտում, սակայն ոստիկաններն այդ գործողությունը սխալ ընկալեցին։
Ամենամեծ զավեշտը կապված է կացինների հետ, քանի որ նրա մոտ, բացի այդ դանակից, հայտնաբերվել էր նաև երկու կացին։ Ըստ ՔԿ մամուլի խոսնակի, այդ կացինները նույնպես սառը զենք չեն, քանի որ դրանցից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը արհեստակցական եղանակով (այսինքն՝ ձեռքի գործ են) և․․․ուշադրություն դարձրեք, ունեն տնտեսակենցաղային նշանակություն։
ՔԿ-ն հանուն Գուրգեն Արսենյանի (տվյալ դեպքում հոր), պարզապես հրաշքներ է գործում։ Ըստ տվյալ իրավապահ մարմնի, ստացվում է, որ կան կացիններ, որոնց վրա գրված է, որ նախատեսված են միայն փայտ կոտրելու կամ ծառ կտրելու համար, իսկ կան կացիններ, որոնց վրա հատուկ նշված է, որ դրանք նախատեսված են ձեռքեր, ոտքեր, մատներ, գլուխներ կտրելու և սպանելու համար։
Կարծում ենք՝ նման գրառմամբ կացիններ չկան, հետևաբար չկա նաև սառը զենք, ինչը ՀՀ քաղաքացիներին վաղվանից իրավունք կտա փողոցում շրջել 16․5 սմ երկարությամբ դանակներով (խոհանոցային են), գործարանային և ոչ գործարանային կացիններով (ունեն տնտեսակենցաղային նշանակություն), բեյսբոլի բիտաներով (ունեն սպորտային նշանակություն), մեքենայի մանդիրովկեքով (մեքենայի անիվը հանելու համար են), լոմերով (նախատեսված են քարապատ հող քանդելու համար) և տարատեսակ այլ երկաթեղենով, որոնցով թեպետ հանգիստ կարելի է մարդ սպանել, սակայն որևէ մեկի վրա նման նշում արված չէ։