Աղջոց վանքը հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում

Միջնադարյան հայկական ճարտարապետության և քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից է Աղջոց վանքը։

Ըստ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի, կան մի քանի բացառիկ, արժեքավոր եկեղեցիներ, որոնք ավերված են, բայց դեռևս կանգուն հատվածները լավ են պահպանված։ Դրանցից մեկը հենց Աղջոց վանքն է։

Այս գլուխգործոց հուշարձանի մի քանի կանգուն մնացած հատվածները չվերականգնելու, չամրացնելու դեպքում ընդհանրապես կքայքայվեն ու կավերվեն, ինչը, Ա.Ղուլյանի գնահատմամբ, լուրջ կորուստ կլինի մեր միջնադարյան ճարտարապետության համար։

«Իմ կարծիքով, եթե միջոցներ կան, կարող էին հենց Աղջոց վանքի համար օգտագործել։ Չգիտեմ՝ ով է կազմում վերականգնման, պեղումների կարիք ունեցող հուշարձանների ծրագիրը։

Ինձ թվում է մեր պատմական ժառանգության արժևորումը ճիշտ չի կատարվում, կարևորը ոչ կարևորից չի տարբերվում, ըստ այդմ էլ կազմվում են ծրագրերը»,- ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Արտակ Ղուլյանը։

Ճարտարապետ Աշոտ Հակոբյանի գնահատմամբ, Վանքը ունի մի քանի կարևոր նշանակություն․ նախ միջնադարյան Հայաստանի գլխավոր վանքերից մեկն է, բացի այդ, եղել է հայտնի կրթօջախ։

«Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության՝ հիմնել է Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմյան կույսերի հետ Հեթանոս անունով քահանայի նահատակության տեղում»,- ասաց նա։

Անդրադառանալով վանական համալիրի վերանորոգման մասին տեղեկություններին ճարտարապետը նշեց, որ զբոսաշրջության առումով այդ ձորը շատ հարուստ է և կարիք ունի վերանորոգման։

Աշոտ Հակոբյանը նշում է, որ վանքը հիմա վթարային վիճակում է և փլուզումների վտանգը շատ է, ճաքերը մեծ են, վերևի մասում մեծ ճաքեր կան ու ամեն տարի մտածում են, որ կարող է ընկնել։

Խոսելով վանքի պատմաճարտարապետական կարևորության, մշակութային և հոգևոր արժեքների մասին՝ ճարտարապետը նշեց, որ վանքի արժեքը բարձր է նրանով, որ միջնադարյան Հայաստանի հայտնի գլխավոր վանքերից մեկն է, ինչպիսին են Սաղմոսավանքը, Հովհանավանքը։