«Կոմիտասյան պատվաստում»․ մեկնարկել է Կոմիտասյան հինգ երգերի համազգային նախագիծ

Օրերս Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում մեկնարկել է Կոմիտասյան հինգ երգերի համազգային նախագիծ, որի հեղինակը Արթուր Շահնազարյանն է։

Այս նախաձեռնությանն հետ կապված Շահնազարյանը նշել է․ «Ինչպես հայտնի է՝ աշխարհում մոլեգնում է ազգային ինքնության դեմ ուղղված համաճարակը, որը սպառնում է ազգային ինքնությանը։ Դրա դեմ կա հզոր միջոց՝ կոմիտասյան պատվաստը։ Սովորի’ր այս հինգ պարզ, բնական, ոգեղեն կոմիտասյան երգերը և պատվաստվի՛ր։ Հայե՛ր, դուք հիմա պետք է միմյանց հարցնեք. «Իսկ դու պատվաստվե՞լ ես»։

Մենք այսպես կմիավորվենք, կդառնանք կուռ միասնություն։

Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ արմատավորել ազգային ոգին և անաղարտ պահել ինքնությունը: Այդ նպատակի իրագործման ամենակարճ ճանապարհը կոմիտասյան երգի տարածումն է յուրաքանչյուր հայ ընտանիքում: Ընտրված են կոմիտասյան հինգ  պարզ երգեր։ Հարկավոր է լսել ձայնագրությունը, հետևել տրված բառերին և զուգահեռ երգել:

Մեր բուն ազգային անաղարտ երգի մեջ որպես ձայնային ալիք պարփակված է մեր ոգին, մեր էությունը։ Այն թափանցում է մեր մեջ և ապրում որպես կենդանի բջիջ՝ հուզելով մեր սիրտն ու հոգին։

Հայտարարում ենք կոմիտասյան համահայկական զորակոչ․ բոլոր միջոցներով տարածե՛ք այս հինգ երգը։ Միացե’ք նախաձեռնությանը և պատվաստվեք կոմիտասյան երգով»։