ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։
Ինչպես նախօրեին գրել էր ArmLur.am-ը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քննության նպատակն է պարզել պաշտոնյայի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որին աշխատանքն ավարտելու համար տրվել է 20-օրյա ժամկետ։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պատմության հիմքում կարող են լինել խորհրդարանից տեղեկատվության արտահոսքերը։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմում կասկածներ են առաջացել, որ խորհրդարանի ներսում շրջանառվող տարբեր բնույթի տեղեկություններ արտաքին շրջանակներին փոխանցվել են հենց Ռազմիկ Առաքելյանի միջոցով։
Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվել, և ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման հետ կարող է առնչություն ունենալ վարչության պետը։ Ըստ մեր աղբյուրների՝ այս կասկածներն էլ դարձել են ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը։ Այժմ քննության ընթացքում պետք է պարզվի՝ արդյոք առկա են եղել տեղեկատվության փոխանցման նման դեպքեր, ինչ տեղեկություններ են դուրս բերվել խորհրդարանից և, ամենակարևորը, ինչ նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանի ղեկավարությունը բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և ցանկանում է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմում, ինչ տեղեկություններ են դուրս եկել խորհրդարանից, ում են դրանք փոխանցվել և ինչ շարժառիթներով։ Խոսքը, ըստ էության, ոչ միայն մեկ պաշտոնյայի աշխատանքային գործունեության, այլև խորհրդարանի ներսում տեղեկատվության պահպանման և անվտանգության հարցերի մասին է։
Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Ավելին՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Իսկ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, նրան շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանի օրոք արտամրցութային կարգով պաշտոն ստացած և բարձր դասային աստիճանի արժանացած պաշտոնյան այժմ հայտնվել է Ռուբեն Ռուբինյանի ղեկավարած խորհրդարանի ուշադրության կենտրոնում։
Ի՞նչ տեղեկություններ են դուրս եկել Ազգային ժողովից, ո՞ւմ են դրանք հասել, ի՞նչ նպատակով են փոխանցվել, և ի՞նչ հիմքեր կան Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կասկածների համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա սկսված ծառայողական քննությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի զարգացումներին և կփորձի պարզել՝ արդյոք խորհրդարանում արձանագրված տեղեկատվական արտահոսքերի կասկածները կհաստատվեն, և ինչ հետևանքներ կունենա այս պատմությունը Ռազմիկ Առաքելյանի պաշտոնավարման համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։