Ո՞րն է Փաշինյանի մահաբերության պատճառը. ինչո՞ւ են տեղի ունենում երևույթներ, որոնք նախկինում չեն եղել. Mediahub

Թեպետ առաջին անգամ չէ, որ այս մասին խոսվում է, բայց քաղաքականության մեջ իրադարձություններին 1-2 անգամ անդրադառնալը բավարար չէ։ Հոգեբանության և մարքետինգի մեջ ընդունված է «7-ի կանոնը» (Rule of 7), համաձայն որի՝ որպեսզի մարդը մտապահի որևէ տեղեկատվություն, և որպեսզի նրա գիտակցության մեջ վերջնականապես ամրագրվի ուղերձը, ապա նա այն առնվազն 7 անգամ պետք է լսի։ Հետևաբար, հերթական անգամ անդրադառնանք այնպիսի երևույթների, որոնք տեղի են ունեցել միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Իհարկե, խոսքը չի վերաբերելու ո՛չ Քովիդին, ո՛չ էլ 44-օրյա պատերազմին, քանի որ առաջինը համաշխարհային համաճարակ էր, իսկ երկրորդը՝ Փաշինյանի կործանարար քաղաքականության արդյունք։ Կանդրադառնանք այնպիսի երևույթների, որոնց հետ Փաշինյանը թեպետ ուղիղ առնչություն չունի, սակայն, այնուամենայնիվ, դրանք կարող էին տեղի չունենալ, եթե չլիներ այն բացասական էներգետիկան, որը նա սփռում է իր շուրջը։

Եվ ահա, Հայաստանի և ոչ մի իշխանության օրոք քաղաքացին մահացու վրաերթի չէր ենթարկվել երկրի ղեկավարի կորտեժի կողմից։ Ուղիղ մեղք ունի՞ այդ վրաերթի համար Նիկոլ Փաշինյանը. կարծում եմ՝ ոչ։ Բոլոր ղեկավարներին էլ տանում են մեծ արագությամբ, փակում են փողոցները, սակայն փաստը մնում է այն, որ վրաերթը տեղի ունեցավ հենց Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից։ Այլ հարց է նաև, որ իրավապահ մարմինների այն ստորաբաժանումները, որոնք պատասխանատվություն են կրում նրա՝ Ա կետից Բ կետն անցնելու համար, չկարողացան ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Արդյունքում հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, տեղում մահացավ ոստիկանության ավտոմեքենայի հարվածից։

Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ կալանավորվել են մարդիկ՝ իրենց քաղաքական հայացքների համար, բայց դեռևս ոչ ոք չէր մահացել դատարանի դահլիճում՝ իր իսկ դատական նիստի ժամանակ, ինչպես մահացավ Արմեն Գրիգորյանը։

Թեպետ քաղաքական հայացքներով կալանավորներ միշտ ենք ունեցել, բայց ոչ մի իշխանության օրոք մարդիկ չեն բանտարկվել միայն նրա համար, որ առաջադրել են իրենց թեկնածությունը ՏԻՄ կամ համապետական ընտրություններին մասնակցելու, իսկ որոշ դեպքերում էլ՝ հաղթանակի համար, ինչպես Մամիկոն Ասլանյանը։ Առավել ևս ոչ մի իշխանության օրոք կալանավայրում չի մահացել համայնքի ղեկավարի թեկնածուն, ում նախօրոք բանտարկել էին միայն նրա համար, որ ներկայացնում է ընդդիմադիր ուժը, ինչպես մահացավ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Որպես հակափաստարկ կարող են բերել, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի մարդկանց առողջական վիճակի կտրուկ վատթարացման, ինֆարկտի կամ ինսուլտի հետ, սակայն դա այդպես չէ։ Մարդուն կարող են մահվան հասցնել նաև ապրումները, իսկ դրա անմիջական պատասխանատուն արդեն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նա է հանուն իր քաղաքական նպատակների իրականացման կալանավորումը դարձրել պայքարի «օրինական» միջոց։

Բացի այդ, ինչպես վերը նշեցի, կարևոր գործոն է նաև էներգետիկ աուրան, որը մարդը կրում է իր ներսում ու տարածում շուրջբոլորը։ Նիկոլ Փաշինյանը բացասական էներգետիկայի կրող է, նրա խոսքը լի է ատելությամբ ու թշնամանքով։ Նա վրեժ է լուծում բոլորից՝ գուցե իր չստացված մանկության ու երիտասարդության համար։ Նրա ոչ մի ելույթում չկա դրական որևէ ազդակ. նրա «ամենահաջողված» ելույթները նրանք են, որոնցում գերակայում են հայհոյանքն ու սպառնալիքը։ Նա իր մահաբեր շունչը տարածում է ամենուր, ու այլ կերպ չէր էլ կարող լինել։

Թեպետ նա 2018 թվականը համարում է «թավշյա հեղափոխություն», բայց հիշենք, որ դրա հիմքը դագաղներն ու սև ժապավեններն էին, իսկ դագաղով եկած իշխանությունը չի կարող մահ չտարածել։

Կարեն Կարապետյան