Փաշինյանի «շրջիկ հավատացյալների» թատերախումբն ավարտեց իր ձմեռային եթերաշրջանը. Mediahub

Կիրակի օրը բոլորից «թաքուն» Նիկոլ Փաշինյանն այցելեց Սևանի Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագի։ Քանի որ այդ այցը նախօրոք հայտարարված չէր, բնականաբար նրան չէր ուղեկցում իր թատերախումբը, ու արդյունքում տեղի ունեցավ իրական պատարագ՝ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնագրքի համաձայն։

Եվ ահա, մասնակցելով այդ պատարագին, Նիկոլ Փաշինյանն արեց իր համար ցավոտ մի քանի բացահայտումներ։

Նախ՝ եթե իր հետ չի լինում սեփական հավատացյալների խումբը, ապա իր այցը ոչ մի հուզում ու ոչ մի իրարանցում չի առաջացնում։ Եկեղեցում չեն լինում ծափահարողներ ու «Փաշինյան» բղավողներ, չեն լինում Աստծուն մոռացած ու վարչապետին հառած հիացական հայացքներ։ Չի լինում ո՛չ մի սադրանք ու ո՛չ մի քաշքշոց։ Եկեղեցում մարդիկ մասնակցում են պատարագի, աղոթում, մոմ վառում, ստանում քահանայի օրհնությունը ու թեթևացած հոգով գնում տուն, անկախ նրանից, թե իրենցից մի քանի քայլ այն կողմ ով է կանգնած։

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ համոզվեց, որ իր «Եկեղեցու բարենորոգման» ծրագրի իրականացման գործում չի վայելում ոչ միայն ժողովրդի, այլև հոգևորականների աջակցությունը։ Եթե իր հետ չի լինում «շրջիկ հավատացյալների» բաղկացուցիչ մասը դարձած որևէ կարգալույծ հոգևորական, ապա պատարագը մատուցող և ոչ մի քահանայի մտքով չի անցնում զեղչել Վեհափառի անունը։ Եթե նախօրոք տվյալ եկեղեցի չեն այցելում ԱԱԾ աշխատակիցներ, Եկեղեցին չի շրջապատվում ոստիկաններով, ապա ոչ ոքի մտքով չի անցնում որևէ քահանայի արգելել մուտք գործել Եկեղեցի կամ խափանել պատարագի կարգը։

Այլ խոսքով ասած, Նիկոլ Փաշինյանը համոզվեց, որ ինքը միայնակ է իր ծրագրերում, իր գործողություններում, իր քայլերում ու իր նպատակներում։

Իսկ Հանրությունը հերթական անգամ համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանի «պատարագներն» ընդամենը շոու են ու բեմականացում, ծափերը կեղծ են, վանկարկումները՝ պատվիրված։ Բացի այդ, հասարակությունը համոզվեց, որ չկա Նիկոլ Փաշինյան, չկա նաև պատարագի մասնակցող որևէ ՔՊ-ական։

Թե ինչ կլինի գարնանը, կերևա մոտ ապագայում, իսկ այս պահին կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի «շրջիկ հավատացյալների» թատերախումբն ավարտեց իր ձմեռային եթերաշրջանը։

Կարեն Կարապետյան