Ամեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների գործողությունները, հայտարարել է․ «Ամեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին»։
Հակաեկեղեցական այս արշավը, ինչպես նշել էՎանեցյանը, ուղղորդված է և միտված է հայի ինքնությունը վերացնելուն։
«Հայի ինքնությունն են փորձում վերացնել, իսկ հայի ինքնությունը դարեր ի վեր պահել է Եկեղեցին։ Ամենադժվար ժամանակահատվածում, երբ պետություն չենք ունեցել, երբ ցեղասպանություն է եղել, երբ ամենադժվար պահերն են եղել հայ ժողովրդի պատմության մեջ, մենք համախմբվել ենք Եկեղեցու շուրջ»,- շեշտել է նա։
Վանեցյանը դատապարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին հավատարմություն պահպանող հոգևորականների դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերը՝ ի ցույց դնելով դրա խորքային նպատակը.
«1999 թվականից Գարեգին Երկրորդը հանդիսանում է մեր Եկեղեցու գլուխը, և այսօր հոգևոր ծառայություն իրականացնող մեր հոգևորականների 90 և ավելի տոկոսը ձեռնադրված են նրա կողմից։ Այսինքն, երբ ասում են՝ Վեհափառը «Վեհափառ չէ», նշանակում է՝ այն հոգևորականները, որոնց նա ձեռնադրել է, որոնք մեր կնունքների, հարսանիքների, հոգեհանգիստների ժամանակ կարգ են մատուցում, «հոգևորականներ չեն։ Վեհափառը չի կարող հրաժարական տալ, Վեհափառին չես կարող հանել, հեռացնել կամ դատել։ Ինչ ուզում եք արեք՝ եթե Վեհափառին տանեն ու նստեցնեն նույնիսկ ԿԳԲ-ի նկուղի մի խուց, Վեհարանը դառնալու է այդ խուցը։ Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ Վեհարանն է։ Վեհափառի ֆիզիկական ներկայությունն է որոշում, թե որտեղ է Վեհարանը։»,-ընդգծել է նա։
Վանեցյանը կրկին վերահաստատել է՝ ամեն կերպ սատարելու են Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին.
«Վեհափառը Աստծո օծյալ է։ Նրան չեն կարող հեռացնել»։