Եթե նույնիսկ Ալիևի հետ ընկերություն անելը եղել է Փաշինյանի երազանքը, կարելի էր լինել զուսպ, զոհերի հիշատակը չանարգելու համար. Mediahub

Վաշինգտոնում Թրամփը դիմելով Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին, համոզմունք հայտնեց, որ պատերազմից հետո նրանք ընկերներ են դարձել։ Այս պարագայում ամենևին կարևոր չէ, թե ինչ ասաց Թրամփը, քանի որ դա կարող է լինել թե՛ քաղաքական ակնարկ, թե՛ բարեվարքության սովորական ժեստ, նման այն կենացներին, երբ խմած ժամանակ մարդը փառաբանում ու գովում է դիմացինին, նրան վերագրում չեղած արժանիքներ, սակայն հաջորդ օրը նույնիսկ նրա անունը չի հիշում։

Նման դեպքերում առավել կարևոր է թե ինչպես են ընդունում այդ խոսքերը հասցեատերերը։ Ի տարբերություն Ալիևի, որն իրեն պահում էր բավականին զուսպ, Նիկոլ Փաշինյանը պարզապես փայլում էր երջանկությունից։ Տպավորություն էր, որ Ալիևի նման ընկեր ձեռք բերելը եղել է նրա վաղեմի երազանքը։

Նման անթաքույց ուրախությունը պարզապես վիրավորանք է՝ նետված սեփական հասարակությանն ու պետությանը, այն պետությանը, որի գոյությունն Ալիևը ժխտում է, Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը համարելով «արևմտյան Ադրբեջան»։ Այն հասարակությանը, որի հանդեպ Ադրբեջանում ատելություն է սերմանվում դեռևս մանկապարտեզներից սկսած ու այդ ամենն արվում է պետական հովանավորչությամբ։

Երջանկության նման զեղումները անարգանք են թե՛ պատերազմում մեր ունեցած զոհերի հիշատակի, թե՛ նրանց ծնողների հանդեպ։ Մի պահ պատկերացնենք մեր նահատակների հարազատների ապրումները, որոնք տեսնում են իրենց երկրի ղեկավարի բուռն ուրախությունը, երբ նրան համարում են ընկերը մի մարդու, ում պատճառով զոհվել են իրենց որդիները, դուստրերը, եղբայրները, քույրերը, հայրերն ու մայրերը։

Զոհվածի յուրաքանչյուր հարազատի մոտ կարող է հարց առաջանալ, եթե Ալիևի հետ ընկերությունն այդ աստիճանի կարևորություն ուներ Նիկոլ Փաշինյանին համար, միթե՞ խանգարողն իրենց որդին էր, միթե՞ պարտադիր էր հասնել ընկերության՝ շուրջ 5 հազար զոհերի, մոտ 10 հազար վիրավորների ու մեր հայրենիքի մասնատման հաշվին։

Իհարկե քաղաքականությունը չոր հաշվարկների տիրույթում է, փաստերի հետ հաշվի նստելու արվեստ է, որում տեղ չունեն այլոց զգացմունքները, ընկալումները, որքան էլ ցավալի լինի, շատ հաճախ նաև վշտերն ու անձնական ողբերգությունը։ Յուրաքանչյուր պատերազմ ուղեկցվում է բազմահազար վշտերով, յուրաքանյուր արդյունքի, լինի պարտություն, թե՛ հաղթանակ, հիմքում մարդկանց անձնական ողբերգություններն ու կորուստներն են։ Մարդկության պատմության մեջ հավանաբար չի եղել դեպք, երբ պատերազմը կանխվի հաշվի առնելով մարդկային զոհերը։

Այդ ամենը հասկանում են բոլորը, այդ թվում, զոհվածների հարազատները, սակայն այլ բան է զգալը, այլ բան՝ բացահայտորեն տեսնելը։ Հետևաբար խոհեմությունը պահանջում է լինել հավասարակշռված ու զուսպ, տիրապետել սեփական զգացմունքները, եթե նույնիսկ թշնամուդ հետ ընկերություն անելը եղել է քո վաղեմի երազանքը։

Կարեն Կարապետյան