Մինչև քարոզարշավի ավարտը չի բացառվում, որ խմած վարորդը վերածվի ընտրական քվեի. Mediahub

Նիկոլ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր մարզային այցելության ընթացքում անպայման նրան են մոտենում մարդիկ, որոնք զրկված են վարորդական իրավունքից ու խնդրում են ընդառաջել այդ հարցում։ Իհարկե, նման դեպքերում Նիկոլ Փաշինյանը խոսում է օրենքների գերակայությունից ու իրավական պետությունից, սակայն, ինչպես ժամանակին Հուլիոս Կեսարն էր հաճախ սիրում կրկնել Եվրապիդեսի խոսքերը՝ «օրենքները խախտիր միայն իշխանության գալու համար, մնացած բոլոր դեպքերում պարտավոր ես հարգել այն»։ Հետևաբար հաշվի առնելով, որ Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի շրջանակներում են, ուստի նրան մոտեցող քաղաքացիները կամա թե ակամա հասունացնում են այն պահը, որ ՔՊ-ն հանուն վերարտադրության կգործի հենց Եվրապիդեսի խորհրդով։

Կա՞ աշխարհում մի վարորդ, որը տեղյակ չէ, որ չի կարելի խմած մեքենա վարել։ Կա՞ մի վարորդ, որը խմած մեքենա է վարում, սակայն չէր իմանում, որ ինքը ղեկին նստելուց առաջ խմել է, իհարկե՝ ոչ։ Այսինքն բոլոր այն վարորդները, որոնք խմածության պատճառով զրկվել են վարորդական իրավունքից, շատ լավ գիտակցում են, որ խախտել են օրենքը, ինչպես նաև շատ լավ գիտեին, թե դա ինչ հետևանքներ է առաջացնում։ Այստեղ հարց է առաջանում, եթե մարդը գիտակցում է, որ խախտել է օրենքը, գիտակցում է դրա հետևանքները, ապա ի՞նչ հույսով է դիմում, որպեսզի իր զանցանքը ներվի։ Պատճառը շատ պարզ է․ Փաշինյանին մոտեցող յուրաքանչյուր քաղաքացի ենթագիտակցորեն հասկանում է, որ հանուն քվեի նա պատրաստ է ամեն ինչի։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ներում հայտարարեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք խախտել էին ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններն ու տուգանվել։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանուն իր ընտրության հասարակության մեջ առաջացրեց անհավասարություն ու իր քայլերով խրախուսեց բոլոր նրանց, որոնք առանձնապես հարգանք չունեն ո՛չ օրենքների, ո՛չ հասարակակական կարգ ու կանոնի, ո՛չ էլ իրենց պարտավորությունների հանդեպ։ Արդյունքում տուժեցին պարտաճանաչ քաղաքացիները։

Իհարկե յուրաքանչյուր վարորդ ապահովագրված չէ երթևեկության կանները չխախտելուց, բայց ստացվեց, որ բոլոր նրանք, որոնք հարգանք ունեն օրենքի հանդեպ ու ժամանակին մուծում են վարչաիրավական խախտման հետևանքով առաջացած տուգանքները, ֆինանսապես տուժեցին, իսկ նրանք, որոնք չէին մուծում այդ գումարները, օգտվեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանուն իր քաղաքական շահի զրոյացրեց այդ գումարները։

Ըստ այդմ՝ նախադեպն արդեն կա, ու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ օրենքը պետք է գործի, մենք իրավական պետություն ենք և այլն, ընդամենը տափակաբանություն է, որովհետև օրենքներ եղել են նաև մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Մինչև 2018 թվականը մենք նույնպես վարում էինք մեքենաներ ու չէինք ապրում քարանձավներում, սակայն եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մինչ նա Հայաստանում օրենքները չեն գործել, ապա օրենքները հաստատում են ոչ թե դրանց ոտնահարմամբ, այլ պահպանմամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ այն, որ նա «ցանկացավ» իրավական պետություն «ստեղծել»՝ արհամարելով եղած օրենքները։

Այս ամենից կարող ենք անել մի հետևություն, հաշվի առնելով նախադեպը, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանին մոտեցող մարդկանց քանակը, ապա մեծ է հավանականությունը, որ նա նման «հրաշալի» առիթը բաց չի թողնի ու ընտրությունների շեմին կփորձի բոլոր զրկված վարորդական վկայականները վերածել քվեի՝ «ներում» հայտարարելով ու վերականգնելով դրանք։

Կարեն Կարապետյան