Խոր Վիրապի ու Արարատի բաժանումը հարված է ոչ միայն մեր ինքնությանը, այլև հավատքին. Mediahub

Ջեկ Լոնդոնն իր վեպերից մեկում հրաշալի է ձևակերպում, թե ինչ է ունակ անել վախը մարդու հետ։ «Անասնական սարսափը ջնջեց նրա երեսից մարդկային բանականությունն ու վերադարձրեց նախամարդու ժամանակաշրջան»,- բնութագրել էր Լոնդոնը` ներկայացնելով վեպի հերոսներից մեկին։

Մոտավորապես այդպիսի վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, քանի որ միայն անսանձելի վախը Էրդողանի հանդեպ կարող է դրդել Խոր Վիրապի համայնապատկերից ջնջել Արարատ լեռը, հատկապես, որ դրանք մի ամբողջություն են, ու Արարատ լեռը Խոր Վիրապի թիկունքին պատկերաված է ոչ թե արհեստականորեն, այն բնական վիճակում։ Դա մոտավորապես նույնն է, որ մեկը նկարի որևէ անտառ, սակայն հետևի սարերը ջնջի զուտ այն պատճառով, որ նրանք գտնվում են այլ պետության տարածքում, կամ Փաշինյանն արգելի հայերին նայել լուսնին, քանի որ այն պատկերված է Թուրքիայի դրոշին ու կարող է ընկալվել որպես տարածքային պահանջ՝ վերջինիս հանդեպ։

Թեպետ դժբախտաբար Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն այն կապ չունի ո՛չ թուրքական մշակույթի, ո՛չ պատմության, ո՛չ էլ առհասարակ այդ պետության հետ։ Վախը Նիկոլ Փաշինյանին զրկել է այն պարզ գիտակցումից, որ Արարատ լեռն ունի նաև կրոնական նշանակություն ու ոչ միայն համայնապատկերի առումով, այլ նաև հավատքով պայմանավորված` Արարատ լեռը Խոր Վիրապի հետ կազմում են մեկ ամբողջություն։ Եթե Խոր Վիրապում բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը, Արարատ լեռան վրա էլ ջրհեղեղից հետո հանգրվանել էր Նոյը, ումից կրկին սկիզբ առավ մարդկությունը։ Ուստի տարանջատելը Խոր Վիրապն Արարատից հարված է նաև մեր հավատքին ու քրիստոնեական արժեքին։

Սակայն դժբախտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ ոչնչացնելով հայի ինքնությունը, ջնջելով պատմական հիշողությունը, այլասերելով ազգային արժեքները՝ նրան կհաջողվի իրոք բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նախ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը չունեն նման ցանկություն։ Նրանց նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելն է, այլ վերջնականապես ողնաշարը կոտրելը՝ երբևէ ոտքի չկանգնելու հեռանկարով։ Երկրորդը՝ հարաբերություններ հաստատելու անկեղծ ձգտում ունեցողը չի ոչնչացնում երկրորդ կողմի պատմամշակութային հետքերը, ինչպես օրինակ Ադրբեջանը՝ Արցախում։

Թեպետ այդ առումով նույնպես ՔՊ-ն ունի միայն իրեն հատուկ մոտեցում։ Ստեփանակերտում հայկական հերթական եկեղեցու ոչնչացման հետ կապված ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրեց տեսակետներ, որոնք ոչ միայն անհամատեղելի են հայ լինելու հետ, այլև յուրովի ինքնախոստովանական ցուցմունք են՝ իրենց կողմից վարվող քաղաքականության սնանկության հետ կապված։ Իրական որևէ հայ չէր կարող հայտարարել, որ Արցախում ոչնչացվող եկեղեցիներն Ադրբեջանի ներքին գործն են, ու իրենց տարածքում անում են այն, ինչ ցանկանում են։

Իսկ խոստովանությունն այն էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն գոյություն չունի։ Արսեն Թորոսյանի ձևակերպմամբ, եթե նրանք անում են քայլեր, որով ցանկանում են մեզ սադրել, ուրեմն մենք չպետք է տրվենք այդ սադրանքներին։ Սրանից առավել մեծ քաղաքական նոնսենս դժվար է պատկերացնել։ Մի կողմից ՔՊ-ն թմբկահարում է խաղաղության հաստատման մասին, մյուս կողմից կոչ անում չտրվել սադրանքներին։ Եթե երկու պետություն, որոնք ցանկանում են հասնել խաղաղության, սակայն այդ երկրներից մեկը դիմում է սադրանքների, նշանակում է, որ այդ խաղաղություն կոչեցյալը միֆ է, փուչիկ, ընդամենն ունի նախընտրական միտում, իսկ իրական խաղաղության հասնելու ցանկություն սադրանք հրահրողը չունի։

Կարեն Կարապետյան