Փաշինյանն Էրդողանի գիրկը տեղավորվելու սեփական ցանկությունը ներկայացնում է որպես հանրային պահանջ. Mediahub

Քաղաքական տխմարաբանություն, դեմագոգիա ու էժանագին դիվիդենտներ հավաքելու փորձ է այն արտահայտությունը, երբ ասվում է. «Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայաստանամետ եմ»։ Նման արտահայտություն անողները հիմնականում գեղջկական շուստրիությամբ փորձում են թողնել հայրենասերի տպավորություն՝ մյուսներին համարելով այլոց շահերը սպասարկող։

Բայց սովորաբար նման միտք արտաբերողները երբեք անկեղծ չեն լինում, եթե, իհարկե, քաղաքականապես տգետ չեն։ Բոլորն են հայաստանամետ, խնդիրն այն է, թե ով ինչպես է տեսնում Հայաստանի զարգացումը, աշխարհաքաղաքական որ ուղղությամբ, որովհետև նախ աշխարհում բացարձակ անկախ պետություն գոյություն չունի, երկրորդն էլ Հայաստանը չունի այն հզորությունը, ինքնաբավությունն ու տնտեսական հարաբերական անկախությունը, որպեսզի հանդիսանա ուժային կենտրոն։

Բայց հերթական անգամ պետք է փաստել, որ քաղաքական արժեհամակարգային առումով Հայաստանում արևմտամետ ուժեր գոյություն չունեն, կան ընդգծված հակառուսներ, որոնք գրեթե բոլորը պտտվում են Փաշինյանի ուղեծրում ու ապահովում են նրա բուռն ծափահարությունները։ Իսկ թե ինչո՞ւ են հակառուսներ՝ մի պարզ պատճառով, սնվում են արևմտամետ աղբյուրներից, նրանք նույն հաջողությամբ կդառնան թունդ ռուսամետներ, եթե այդ գումարները հոսեն Ռուսաստանից։

Առանձնապես շատ մխիթարիչ չէ նաև հակառակ ճամբարում, որոնց մի մասը փորձ է անում արևմտամետ քաղաքական արժեհամակարգը տեղավորել այլասերվածության համատեքստում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ արևմտամետ ներկայացող հակառուսները անհամեմատ ագրեսիվ են, անհանդուրժող ու միջոցների մեջ խտրականություն չդնող։ Նրանց համար ՀՀ ինքնիշխանություն հասկացություն գոյություն չունի, կա ընդամենը մի ճամբարից դուրս գալով մեկ այլ ճամբարում տեղավորվելու նպատակ։

Երեկ Արարատ Միրզոյանը, հակադարձելով Լավրովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակմամբ, խորհուրդ տվեց չխառնվել ՀՀ ներքին գործերին։ Արարատ Միրզոյանի նման արձագանքը դիվանագիտական չէր, այն ուղիղ դեմարշ էր Ռուսաստանի նպատմամբ, սակայն նման ոչ դիվանագիտական պահվածքը (իհարկե միտումնավոր) միանգամից որոշ շրջանակների կողմից գնահատվեց որպես ՀՀ ինքնիշխանության բարձրացման քայլ։

Սակայն թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ վերև նշված «արևմտամետները» ոչ միայն ՀՀ ներքին գործերին խառնվելու փորձ չհամարեցին, այլև քծնեցին նմանատիպ մեկ այլ հայտարարություն, երբ Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ «Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին՝ ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերում»։

Նախ՝ ժողովրդավարությունը կառավարման համակարգ է, որը նույնպես Հայաստանի ներքին գործն է, երկրորդը՝ Մակրոնը խախտելով քաղաքական էթիկայի ու բարեվարքության բոլոր կանոնները, խախտելով միջազգային պրակտիկայում ընդունված անմեղության կանխավարկածը, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված կեղծ քրեական գործերը համարեց ապացուցված։

Այսինքն՝ սաստելով Լավրովին ու քծնելով Մակրոնին՝ Հայաստանը ոչ թե բարձրացրեց իր ինքնիշխանության ցուցիչը, այլ ընդամենը «տերերին» փոխելու հերթական հայցը ներկայացրեց, որովհետև ինքնիշխանության բարձրացման ու ամրապնդան իրական ցուցիչը այն է, երբ կողմերին տրվում է  համարժեք պատասխան։ 

Բնականաբար քաղաքականությունը Արիստոտելի՝ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» դոգմատիկ արտահայությունը չէ, քաղաքականությունը ոչ միայն երկստանդարտ, այլև բազմաստանդարտ մոտեցումների ու գործողությունների ամբողջությունն է, որում գերական ոչ թե Արիստոտելի «ճշմարտությունն» է, այլ քաղաքական շահը, բայց կեղծավորությունն ու հանրությանը մանիպուլացնելու, սեփական քաղաքական կուրսը որպես հանրային շահ ու ժողովրդի պահանջ ներկայացնելը նույնպես ստորություն է, հատկապես որ այդ քաղաքական շահը տանում է ուղիղ դեպի Հայաստանի թուրքացում։

Հայաստանի հասարակությունը պետք է իմանա, որ ԵՄ ինտեգրման կուրսը դեռ չի նշանակում Հայաստանի անդամագրում ԵՄ-ին։ Հայաստանը ո’չ հիմա, ո’չ էլ վաղը չի դառնալու ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ, հատկապես, որ ապագայում այդ երկու միավորումների գոյությունն էլ կասկածի տակ են դրված։ Քանի քայլ Հայաստանից հեռանան ռուսները, ճիշտ այդքան քայլ առաջ են գալու թուրքերը։

Բնականաբար ասածս ամենևին հակաարևմտականություն չէ, երանի Հայաստանը կարողանար կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ինտեգրվեր Եվրոպական կառույցներին։ Սակայն հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու ուժերի հարաբերակցությունը՝ նման բան թերևս հնարավոր է միայն Փաշինյանի «կրթվելը նորաձև» է դասախոսությունների շրջանակներում։

Իսկ իրականությունն այն է, որ ներկա քաղաքական կուրսը տանում է ուղիղ դեպի Էրդողանի գիրկը, որտեղ այդքան իրեն տաք ու ապահով է զգում Փաշինյանը։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am