Պետությունից տարանջատված է եկեղեցին, այլ ոչ հոգևորականը. իշխանական վերնախավը թաղված է խոր տգիտության մեջ. Mediahub

Իշխանությունները հանրության շրջանում գեներացնում են մի տխմար միտք, ըստ որի, հոգևորականներն իրավունք չունեն խառնվելու քաղաքականությանը։
Առավել քան վստահ եմ, որ ՔՊ վերնախավում այս միտքը շրջանառում են ոչ միայն մանիպուլյատիվ նպատակներով, այլև տգիտության արդյունքում։ Օրենքը հստակ սահմանում է, թե ովքեր իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ, ովքեր՝ ոչ, ու այդ նույն օրենքում հոգևորականների հանդեպ որևէ սահմանափակում նախատեսված չէ։ Սահմանադրությամբ եկեղեցին է տարանջատված պետությունից, այլ ոչ հոգևորականը։ Հոգևորականը ՀՀ քաղաքացի է իր բոլոր իրավունքներով ու պարտականություններով հանդերձ։
Երբ որևէ հոգևորական քրեական հանցանք է կատարում, դատարանը նրան չի հանձնում Աստծո դատաստանին, այլ դատում է քրեական օրենսգրքի համապատասխան օրենքով։ Երբ որևէ հոգևորական ցանկանում է, ենթադրենք, բանկից վարկ վերցնել, բանկը նրան չի առաջարկում սնվել երկնային մանանայով, այլ տրամարդում կամ մերժում է վարկը՝ ըստ սահմանված կարգի։ Բժիշկը չի առաջարկում հոգևորականին ապավինել միայն աղոթքներին, այլ նշանակում է հստակ բուժում։ Նույնը վերաբերում է ցանկացած մեկ այլ ոլորտի, որի հետ առնչվում է հոգևորականը, այդ թվում նաև քաղաքականությանը, հակառակ պարագայում, հոգևորականին չպետք է թույլ տային մասնակցել ընտրություններին, քանի որ դա քաղաքական գործընթաց է։
Այլ հարց է, որ հոգևորականներն իրենք ունեն ներքին որոշում՝ չխառնվել քաղաքական գործընթացներին, ինչը միանշանակ ողջունելի է։ Սակայն կա մի բաժանարար գիծ քաղաքականության ու այն արհավիրքի միջև, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Բնականաբար ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը ունի հայրենիքի, պետության, ազգային արժանապատվության ու արժեքների գիտակցում, այդպես էլ հոգևորականները չեն կարող անտարբեր մնալ կատարվելիքի հանդեպ ու անունը դնել, որ «մենք չենք խառնվում քաղաքականությանը»։
Այդպես կարող է վարվել «մտավորականների» մի ստվար զանգված, որոնք ունակ են պարել իշխանությունների առաջ, բայց Արցախի մասին խոսք բացվելիս հիշեն իրենց տարիքը։ Իսկ իրական հոգևորականին նույնիսկ վայել չի լինի բախտի քմահաճույքին թողնել իր հոտն ու հայրենիքը, նման հոգևորականը արժանի կլինի ոչ թե ակնածանքի, այլ արհամարհանքի։
Կա՞ն Հայաստանում նման հոգևորականներ, անշուշտ կլինեն ու հենց ահա նմաններով էլ, որոնք «չեն խառնվում քաղաքականությանը», Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխարինել նրանց, որոնք մատնանշում են ազգին ու պետությանը պատուհասածը, որոնք մատնանշում են աղետից դուրս գալու եղանակներ, որոնք մատնանշում են աղետի մեղավորներին, որոնք ոչ միայն պարզապես հոգևորական են, այլ ՀՀ իսկական քաղաքացիներ։
«Քաղաքականությամբ չզբաղվելու» այդ մանիպուլյատիվ ու տգետ մտքի գեներացումն իշխանությունների կողմից ունի մեկ նպատակ՝ թիրախում ունենալով լյումպեն մասան, նեգատիվ տրամադրվածություն առաջացնել հոգևորականների նկատմամբ ու անհրաժեշտության դեպքում այդ լյումպեն մասայից ձևավորել «մարտնչող տգետների» հանձնախմբեր ու ջոկատներ, որոնք ունակ կլինեն շրջապատելու եկեղեցիներն ու հարվածելու հոգևորականներին։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի