Պահանջելով վեհափառի հեռացումը՝ Փաշինյանը ժողովրդին գցել է թակարդը. իրավիճակից անվնաս դուրս գալու միայն մի ելք կա

Նիկոլ Փաշինյանի հարձակումները Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մտնում են վճռական փուլ։ Եթե մինչ այդ նա ընդամենը ակնարկներ էր անում վեհափառի զավակ ունենալու վերաբերյալ, այժմ այն համարում է հաստատված փաստ ու ներկայացնում վերջնագիր, ըստ որի, Գարեգին Բ-ն չպետք է լինի կաթողիկոս։ Սակայն Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս փոխելու որևէ իրավական լծակ չունի, օրենսդրությամբ այդ հարցը չի կարգավորվում, այն դուրս է Փաշինյանի լիազորությունների շրջանակից։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը օրինական ճանապարհով չի կարող ապացուցել նաև, արդյո՞ք վեհափառն ունի զավակ, թե՝ ոչ։ Նրա բոլոր գործողությունները կրելու են շանտաժի բնույթ, այսինքն նա վարվելու է ճիշտ այնպես, ինչպես վարվում է որևէ փողոցային շանտաժիստ, որի նպատակը դրամաշորթությունն է։ Տվյալ պահին, իհարկե, շարժառիթները տարբեր են, բայց գործողությունները՝ նույնը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կատարելով հակաօրինական գործողություններ, պետք է ենթարկվի քրեական հետապնդման։ Սակայն բոլորին է պարզ, որ քանի դեռ նա վարչապետն է, իրավապահ համակարգում չի լինի որևէ մեկը, որը նրա դեմ քրեական գործ կհարուցի, առավել ևս մի դատավոր, որը նրան կկալանավորի։
Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոս փոխելու եղանակներին, ապա Փաշինյանն ունի ընդամենը երկու ճանապարհ՝ պառակտումներ հրահրել եկեղեցու ներսում ու կոչով դիմել հանրությանը՝ շրջափակել Մայր Աթոռը, ինչպես արեց 2018 թվականին, երբ մարդիկ նրա կոչով շրջապատեցին Ազգային ժողովն ու տապալվեց Սահմանադրական կարգը։
Բայց եթե 2018-ին Նիկոլ Փաշինյանն ուներ հասարակության մեծամասնության աջակցությունը, ապա ներկայումս նրան աջակցում են սակավաթիվ շերտեր, հետևաբար նրա այդ գործողությունները հանգեցնելու են հերթական աղետի։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ Գարեգին Բ-ն համայն հայության կաթողիկոսն է, այսինքն պառակտում է մտցնելու սփուռքի ու ՀՀ քաղաքացիների միջև, երկրորդը՝ ի աջակցություն Վեհափառի՝ ոտքի են կանգնելու բազմաթիվ մարդիկ, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բախումների, քաղաքացիական պատերազմի։ Նույնիսկ եթե վեհափառը ինքը որոշի կամովին գնալ, ապա դա նույնպես հարցի լուծում չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղթանակը եկեղեցու նկատմամբ, գցելու է եկեղեցու հեղինակությունը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։
Նիկոլ Փաշինյանի կարգած կամակատարը, չի վայելի ոչ մի հարգանք, չի ունենա ոչ մի ազդեցություն, նրանից չի լինի որևէ ակնկալիք, որևէ սպասելիք։
Նոր կաթողիկոսը կնմանվի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեպետ համարվում է Սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը, բայց բոլորն են հասկանում, որ նա ոչ ոք է, գոյություն չունի, ընդամենը մի ֆուտլյար է, որի միակ իրական գործառույթը Նիկոլ Փաշինյանին քծնելն է, ժամանակ առ ժամանակ էլ շնորհակալություն հայտնելը: Ահա նման կարգավիճակում էլ հայտնվելու է նոր կաթողիկոսը, նա լինելու է ոչ ոք, զրո, ընդամենը մի դրածո, Նիկոլ Փաշինյանի պալատական հերթական խեղկատակը։
Իհարկե չի բացառվում, որ Փաշինյանը հետ կանգնի իր մտադրությունից, բայց հաշվի առնելով նրա ներկայացրած վերջնագրերը ու նաև որդի պես երկրի հիմքերն ու ազգային արժեքները քայքայելու բնավորությունը, մեծագույն կասկածի տեղիք է տալու, թե արդյո՞ք մտադրություններից հրաժարվելը ներքին պայմանավորվածությունների արդյունք չէ, ինչը նորից հարվածելու է եկեղեցու հեղինակությանը։
Որքան էլ ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին գցել է մի այնպիսի ցանցի մեջ, որից անվնաս դուրս գալու միայն մի ելք կա՝ հասարակության համախմբումը հենց Նիկոլ Փաշինյանի դեմ ու նրան հեռացնելը։ Սա է իրավիճակից անվնաս դուրս գալու միակ ելքը, մնացած բոլոր տարբերակներն աղետաբեր են լինելու։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի