Երեխաների համար մտահոգվողը պետք է մտահոգվի միշտ ու բոլորի երեխաների համար
Ցանկացած պարագայում, ում երեխան էլ ուզում է լինի, պետք է զերծ մնա թիրախավորվելուց, երեխան ոչ մի դեպքում չպետք է վտանգվի ու պատասխանատվություն կրի ծնողների արարքների համար։
Սակայն երկրորդ օրն է, ինչ ոմանց կողմից երեսպաշտությունը պաթետիզմից անցնում է ողջախոհության սահմանները։ Երեխաների համար մտահոգվողը պետք է մտահոգվի միշտ ու բոլորի երեխաների համար։
Այսօրվա մտահոգվողները 2018 թվականին հորդորե՞լ են մարդկանց տների առաջ դագաղներ ու սև ժապավեններ չկապել, որովհետև այդ մարդիկ երեխաներ ունեն, որոնք ենթարկվում են հոգեբանական ցնցումների՝ տեսնելով իրենց հոր համար նախատեսված դագաղը։
Այսօրվա մտահոգվողները 2018 թվականին խորհուրդ տվե՞լ են, որ մանկահասակ երեխաների ձեռքը բռնած չի կարելի փողոց փակել՝ երեխային ենթարկելով ոչ միայն ցնցման, այլև վրաեթի ենթարկվելու վտանգին։
Թե՞ բոլոր երեխաներհ հավասար են, սակայն կան երեխաներ, որոնք ավելի հավասար են։
Ինչ վերաբերում է ընտանիքի անդամ լինելուն, նախ Աննա Հակոբյանը ինքն իրեն դուրս է դրել սոսկ ընտանիքի անդամ լինելու կարգավիճակից՝ պատերազմի օրերին բունկերներ այցելելով ու խառնվելով իրեն չվերաբերող գործերին։ Հետևաբար հավասար պատասխանատվություն է կրում ողջ աղետի համար, ինչ իր ամուսինը։
Բացի այդ, երբ ժամանակին ոմանց կողմից պիտակավորվում ու թիրախավորվում էին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը, այսօրվա երեսպաշտներից գոնե մեկը փորձե՞ց կանխել այդ հարձակումները։
Թե՞ այս դեպքում նույնպես բոլոր կանայք հավասար են, բայց կան կանայք, որոնք ավելի հավասար են։
Եթե իրոք անկեղծ եք ձեր մտահոգություններում, ներողություն խնդրեք նախկինում ձեր արածների համար, այնուհետև ակնկալեք նույնի չկրկնվելը ձեր իսկ հանդեպ։
Կարեն Կարապետյան