Սիրիայում Թուրքիայի գործողությունները կարող են դիտարկվել որպես ռազմական հանցագործություններ․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հանձնաժողովը հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց:

Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն:

Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրիայում վերջին 4 տարվա ընթացքում գրանցված ամենաբախումնալից ժամանակահատվածն է եղել, ապա նաև ընդգծել, որ Սիրիայի տարածքներում տեղի ունեցող բախումները սահմանափակելու համար միջազգային ջանքեր են հարկավոր և հայտարարել, որ Սիրիայում տիրող իրավիճակով պայմանավորված հրատապ հրադադար հաստատելն անհրաժեշտություն է:

«Սիրիայի ժողովուրդը չի կարող դիմանալ այս ավերիչ և երկար տարիներ ձգվող պատերազմի ահագնացմանը»,-հավելել է նա:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին:

Ըստ այդմ՝ Թուրքիան հոկտեմբերից ի վեր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ մեծ թվով հարձակումներ է իրականացրել:

«Թուրքական օդային հարձակումները խախտել են մարդու միջազգային իրավունքը՝ շաբաթներով գրեթե 1 միլիոն մարդու զրկելով ջրից և էլեկտրականությունից: Քաղաքացիները, թիրախավորվելով, սպանվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից: Նմանատիպ հարձակումները կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ»,-ասված է զեկույցում: