Թուրքիան մտադիր է փոխել սահմանադրությունը

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) դադարեցվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները մինչև կավարտվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մարտյան ընտրությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում նշվում է, որ այն օրակարգ կվերադառնա մարտի 31-ից հետո և դրա հետ կապված աշխատանքները կընթանան մեծ թափով:
Նշվում է նաև, որ իշխանությունները նոր սահմանադրության հարցում փորձելու են համաձայնության գալ այլ քաղաքական կուսակցությունների հետ:
Որպես նմանօրինակ գործողություններ հիշատակվում են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի այցերը Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP), «Լավ» կուսակցության (İYİ) և «Ապագա» կուսակցության (Gelecek) գրասենյակներ, ինչպես նաև հանդիպումը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հետ:
Նոր սահմանադրության ստեղծման աշխատանքներում ներգրավվելու են նաև համալսարանները, քաղաքացիական, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները:
Այդ ամենը համակարգելու նպատակով խորհրդարանում մանդատ ունեցող բոլոր կուսակցությունների անդամներից կազմվելու է աշխատանքային խումբ։