Նիկոլ Փաշինյանի համար հայրենիքի պաշտպանն այլևս թիվ 1 հերոսը չէ
Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։ Այսօր նման գրառում է արել Նիկոլ Փաշինյանն ու վերջում հավելել, որ ինքը խոնարհվում է հարկ վճարող քաղաքացու առաջ։
Առաջին հայացքից սա կարող է պրիմիտիվ բարբաջանք թվալ, որովհետև իրականում հարկ վճարելը ոչ թե հերոսություն է, այլ պարտավորություն, ինչից խուսափելը առաջացնում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն։
Սակայն այս հայտարարությունն ունի խորքային շատ ավելի նենգ դիտավորություն, քան սոսկ պրիմիտիվիզմը։ Այն ամբողջովին տեղավորվում է հասարակությունից ընդամենը սպառողական, աներազանք, անդեմ զանգված կերտելու Նիկոլի քաղաքականության շրջանակներում։
Այսինքն՝ թիվ 1 հերոսությունն այլևս չի ընկալվում հայրենիքի պաշտպանությունը, սխրագործությունը, հանուն հայրենիքի կյանքը զոհելը, պետությանը համաշխարհային հռչակ բերելը, այլ սոսկ գլուխը կախ աշխատելն ու հարկ վճարելը։
Այնուհետև նա իրեն հատուկ ամբոխահաճությամբ շեշտում է, որ աշխատողի վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում զինվորները, սպաներն ու գեներալները՝ նախ մոռանալով, որ այդ նույն սպաներն ու գեներալները նույնպես իրենց ստացած աշխատավարձից հարկ են վճարում, երկրորդն էլ անհայրենիքի հոգեբանությամբ բանակը ստորադասում է ցանկացած մեկին, ով հենց այս պահին կատարեց իր պարտավորությունն ու մուծեց հարկերը, որից խուսափել չէր կարող։
Հավելենք նաև, որ արժեզրկելով «հերոս» գաղափարը, դրանով ուղերձ է հղում իր հնարավոր ընտրազանգվածին, եթե նախկինում բոլորը հպարտ էին, ապա ներկայումս այդ սպառված դատարկաբանությանը փոխարինելու է գալիս հերոսը։
Կարեն Կարապետյան