Ալիևի համար հայրենասիրության ցուցիչն Արցախն է ու «Արևմտյան Ադրբեջանը», Փաշինյանի համար՝ կախիչը
Театр начинается с вешалки
Ստանիսլավսկի
Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նման հռետորական հարց է բարձրացրել, այնուհետև հայտարարել, որ կառավարության անդամները սթրեսի մեջ են, քանի որ հասկացել են, որ հայրենասիրություն հասկացությունը մեզանում դեֆորմացվել է։
Պատկերացնում եք չէ՞, մի քաղաքական միավոր, որը շատ աղոտ աղերսներ ունի ինտելեկտի հետ, հասկացել է այն, ինչը մի ողջ ժողովուրդ հազարամյակներով չէր կարողանում գիտակցել։
Ու քանի որ ինտելեկտի բացակայությունն ու թերի ուսումը հիմնականում հանգեցնում են պրիմիտիվիզմի, Փաշինյանը եկել է այն եզրահանգման, որ հայրենասիրությունը սկսվում է կախիչներից։
Իհարկե, աշխատանքը որակով կատարելը նույնպես հայրենասիրություն է, սակայն հարցն այստեղ ոչ թե ասվածի ճշմարտացիությունն է, քանի որ յուրաքանչյուր ասվածի մեջ կարելի է ռացիոնալության հատիկներ գտնել, այլ սոփեստությունն ու կարևորն անկարևորից չտարբերելու անկարողությունը կամ դիտավորյալ կեղծումը։
Հայրենասիրությունը կարող է կախիչից սկսվել, օրինակ, սկանդինավյան որևէ անդարդ երկրում կամ Ավստրալիայում, որը, ըստ Գուրգեն Արսենյանի, նույնն է հայերիս համար, ինչ Արցախը։ Սակայն խոսել հայրենասիրությունից այնպիսի երկրում, որը կանգնած է աղետաբեր մարտահրավերների առաջ, որը կորցրել է իր հայրենի տարածքների մի մասը, որին սպառնում են պատերազմով, նոր տարածքների զավթմամբ, արդեն զավթածը չվերադարձնելու հաստատակամ պնդմամբ, որին թշնամիները ցանկանում են վերածել կամազուրկ ու գրեթե գոյություն չունեցող պետության, որը համարյա կորցրել է իր դաշնակիցներին, իսկ նոր գործընկերներն օգտագործում են բացառապես իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու համար, որը չունի այլլևս դիմագիծ, պետական քաղաքականություն, գաղափարախոսություն ու արտաքին շահ, ապա նման պարագայում հայրենասիրությունը կենցաղային հարցերից բխեցնելը ոչ միայն պրիմիտիվիզմ է, այլ պետական ֆիասկո ու ամբողջական կապիտուլյացիա։
Կարելի է ընդամենը մի շաբաթ հետևել Ալիևի թե՛ արտաքին, թե՛ ներքին ուղերձներին ու նույնն անել Փաշինյանի դեպքում, համեմատությունը զարհուրելի պատկեր կբացի, որ մենք կանգնած ենք նոր աղետի առջև, քանի որ Ալիևը ցանկանում է կերտել «ազգային երազանքներին» հասնող հասարակություն, իսկ Փաշինյանը սերմանում է «կենցաղային հայրենասիրություն»։
Սովորաբար ասում են՝ հայրենիքը սկսվում է սահմաններից, բայց քանի որ թերուսների, պետության կառավարման հանդեպ պրիմիտիվ մոտեցում ունեցողների, գաղափարազուրկների ու թիվ մեկ պատասխանատու ու մեղավոր Նիկոլ Փաշինյանի պատճառով այսօր կասկածի տակ են առնված մեր պետական սահմանները, ապա ստիպված ենք հայրենիքը նույնականացնել կախիչի հետ։