Երևանում նոր դրած կանգառների նստարանները հասցրել են ժանգոտել
Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու նիստի ժամանակ պատասխանատուների վրա «բարկացավ», որ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ջանգոտել են ու կարգադրեց․․․կարևոր չէ՝ ինչ կարգադրեց։
Կարևորն այն է, որ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն հասցրել են ժանգոտել, այնինչ ինչպես «Կտոր մը երկինք» ֆիլմում էր Գրիքոր աղան Թորիկին ասում․ «Ծո, փարա ենք տվել»։ Իսկ այդ գումարը տվել ենք մենք՝ երևանցիներս, այդ թվում մարզերում բնակվողները, որոնք փող ենք մուծում «կարմիր գծերում» կանգնելու համար, ինչն էլ գնում է Երևանի բյուջե։
Ստացվում է, որ մարդիկ գումար են մուծում, որպեսզի Երևանի քաղաքապետը յուր տեղակալներով (հատկապես տեղակալը) էժանագին փիառ կամպանիա ծավալեն՝ մեզ վրա «սաղացնելով» անորակ ու շատ արագ խոտանի վերածվող կանգառներ, այնուհետև կրկին էժանագին փիառ իրականացնեն՝ եթերով խիստ մտահոգ ու բարկացած տեսք ընդունելով, ապա նորից էժանագին փիառի միջոցով ու կրկին մեր փողերով փոխեն ու վերանորոգեն այդ կանգառները։
Ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ գաղափարը՝ մեզնից, բենզինը՝ ձեզնից (տվյալ դեպքում՝ մեզնից)։
Ցավոք, գուցե գտնվի մի շերտ, որը «կհուզվի» քաղաքապետարանի ղեկավարության այդ խիստ «մտահոգություններից» ու արժանացնի նրանց ծափողջյունների ՝առանց հասկանալու, որ ինքն այդ ծափերի համար մի կլորիկ հումար է մուծել ու մուծում։