Բաքուն հայ գերիներին ներկայացնում է հանցագործ՝ խախտելով անմեղության կանխավարկածը

Արցախից տեղահանված բնակիչների վերաբերյալ բազմաբնույթ հարցեր կան, իմ կողմից իրականացված մշտադիտարկումներից 350-ից ավելի հարցազրույցները և փաստահավաք աշխատանքները վկայում են այն մասին, որ արցախցիների գրեթե մեծ մասը հանդիսանում են վատ վերաբերմունքի զոհ կամ զոհ դարձածի հարազատ։ Անձանց մոտ առկա են խոշտանգումներ, անդամախեղումներ, սովի մատնված լիելու դեպքեր, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բժշկական օգնություն չեն կարողացել ստանալ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ի խոսքով, շատ անձինք նաև փաստաթղթերի խնդիր ունեն, հիմնականում գյուղաբնակ անձինք անտառով, ոտքով հասել են Ստեփանակերտ և չեն կարողացել փաստաթղթերը վերցնել։ «Մեկ այլ կարևորագույն խնդիր կա, դա մարդկանց սեփականության իրավունքի հարցն է, շատերը իրենց սեփականության իրավունքի վկայականները չեն վերցրել, սեփականության վկայականի առկայությունը կարևոր է հետագայում իրավունքների պաշտպանության և պահանջներ ներկայացնելու համար, այն անձի հիմնարար իրավունքներից մեկն է։ Պետական մարմիններից խնդրել եմ հասանելիություն տվյալների բազաների վրա»։
Անահիտ Մանասյանի խոսքով, գերիների և գերեվարված անձանց հետ կապված Ադրբեջանը նրանց ներկայացնում է հանցագործ։ «Ադրբեջանի բարձրաստիճան անձինք, լրագրողներ, քաղաքացիներ հայ գերիներին որակում են որպես հանցագործ՝ խախտելով նրանց անմեղության կանխավարկածը։ Դիմել եմ բոլոր միջազգային, ՄԻՊ մանդատ ունեցող կառույցներին, եթե իրավական երաշխիքները դերակատարում չունենան, մենք կարող ենք ունենալ նախադեպերի շարունակություն, երբ իրավունքի արժեքները կարևորություն չունեն»։
Մանրամասները՝ տեսանյութում