Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը

Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը
Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։
«Այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը, հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»,– ասել է նա։
Միրզոյանի խոսքով` կատարվածը միաժամանակ ի ցույց է դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը: