Եթե գեթ մեկ անգամ հայրենիք հանձնողը պատժվեր տեղում, շատ առարկայական, շատ զգալի, հիմա չէինք կորցնի Արցախն ու ոչ միայն Արցախը
Ու այսպես ամեն անգամ մեր հայրենիքը հանձնել ենք թուրքին, կոտորվել, գաղթել, սակայն ասել ենք, ոչինչ, դեռ կվերադառնանք։ Բայց անցել են տարիներ, մեր մայր հողում բնակվել են օտարներ, իսկ մեզ մնացել է միայն սերնդեսերունդ փոխանցվող հուշեր ու երգեր։ Մենք չենք վերադարձել, սակայն շարունակել ենք կորցնել։
Երևի ամեն անգամ եղել է կոնկրետ մեկ քաղաքական թերմացք, որն ամեն ինչ բարդել է նախկինների վրա ու շրջանառության մեջ դրել․ «մենք բոլորս ենք մեղավոր» տխմարաբանությունը։
Երևի եղել է, ուղղակի մեզ հասել են միայն պատմական սուղ տվյալներ։ Եթե գեթ մեկ անգամ հայրենիք հանձնողը պատժվեր տեղում, շատ առարկայական, շատ զգալի, պատժվեր համընդհանուրի կողմից, ոչ թե տեղային վրեժխնդրությամբ։ Եթե հատուցումը վրա հասներ վայրկենական ու կանխվեր, այլ ոչ թե հետահայաց տրվեր պատմական, քաղաքական գնահատական, եթե մի քիչ ունենայինք զավթողի մտածելակերպ, այլ ոչ թե պատսպարվեինք «մենք խաղաղ էինք մեր լեռների պես», «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են կոչում» թուլացնող տողերի տակ կամ չձգտեինք սեփական հոգին սեփական մոխրում խորովել, գուցե հիմա չկորցնեինք Արցախը ու ոչ միայն Արցախը։
Շատերին թվում էր, թե 21-րդ դարը պետք է տարբերվի իր գիտական նվաճումներով, միջազգային կոնվենցիաներն ու համընդհանուր հռչակագրերը պետք է ճնշող լինեին այլոց համար, սակայն կյանքը ցույց տվեց, որ այս դարը ոչնչով չի տարբերվում մնացյալ դարերից, պարզապես նիզակին փոխարինեց հրացանը, այնուհետև հրթիռը։ Ոչինչ չի փոխվել, ցավոք, չենք փոխվել և մենք։ Կրկին հույսներս դրեցինք այլոց վրա ու կրկին կորցրեցինք ու դեռ կկորցնենք, քանի որ չկա հատուցողը, չկա հատուցումը, քանի որ «մեղավորները» շատ են ու կոնկրետ մեկ մեղավորը պատսպարվում է այդ քաոսի ներքո։