Ավտովթարից զոհված Հելեն Դադայանի մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է․ Բաքուն թույլ չի տալիս մարմինը տեղափոխել
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը շարունակում է մնալ Գորիսի դիահերձարանում։ Հելենի քեռին նույնպես Գորիսում է։
«Քեռիի ու ծնողների հետ կապ եմ պահում, գիտեմ, որ քեռին արդեն 9 օր է՝ Գորիսում է։ Սպասողական վիճակում են։ Կարմիր Խաչից առայժմ որևէ հստակ բան չեն ասել, սպասում ենք տեսնենք կկարողանան մարմինը տեղափոխել, թե ոչ։ Մի երկու անգամ էլ ես եմ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպել, բայց առայժմ անորոշ է, հստակ ոչինչ չեմ կարող ասել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հելենի ընկերուհին՝ Աստղիկ Ալավերդյանը։
Աստղիկը Հելենին ճանաչում է 14 տարի։ Ասում է՝ Արցախ գնալու հնարավորություն քանի որ չկար, Հելենը որոշել էր գոնե Արևմտյան Հայաստան գնալ․․․
«Եթե Արցախի ճանապարհը փակ չլիներ, ես էլ, Հելենն էլ վաղուց Ճարտարում կլինեինք։ Փակ էր, ինքն էլ երևի մտածել է հարազատ մի տեղ գնա ու էդպես ընտրեց Արևմտյան Հայաստանը»,-ասում է Աստղիկը։
21-ամյա Հելենը սովորում էր Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանում և աչքի էր ընկնում գերազանց առաջադիմությամբ։
«Հելենը տան կրտսեր զավակն էր։ Ունի իրենից մեծ քույր ու եղբայր։ Մայրը ֆիզիկայի ուսուցչուհի է․ գրագետ, կրթված ընտանիքում է ծնվել ու մեծացել։ Սովորում էր Երևանում, բայց գալիս-գնում էր գյուղ։ Շրջափակումից ի վեր՝ այսինքն դեկտեմբերից չի կարողացել գալ, բնականաբար։ Ընտանիքը ինն ամիս չի տեսել նրան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ճարտարի բնակիչ տիկին Վերան։
Հիշեցնենք, որ Հելեն Դադայանն այն 12 քաղաքացիներից մեկն է, ովքեր Արևմտյան Հայաստանից վերադառնալու ճանապարհին դարձել են ողբերգական ավտովթարի զոհ։
Նրա ընտանիքի անդամներն այժմ գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ։ Արդեն 10 օր է՝ Հելենի մարմինը Արցախ՝ հայրենի Ճարտար գյուղ տեղափոխել չի ստացվում։ Ադրբեջանն արգելում է, որ Կարմիր խաչով աղջկա մարմինը հասցնեն հարազատների մոտ․․․