ՀՀ սահմանադրական փոփոխություններն առաջինն ու դեռևս միակը ողջունել են ՔՊ-ականներն ու Ջեյհուն Բայրամովը. Mediahub

Սովորաբար ցանկացած երկրի սահմանադրական փոփոխություններն այդ պետության ներքին գործն են ու խոշոր հաշվով, մյուսներին չեն էլ հետաքրքրում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Տրամաբանությունը հուշում է, որ այդպես պետք է լիներ Հայաստանի պարագայում, եթե այն իրոք լիներ մեր ներքին օրակարգը։ Բայց իրականությունը կարծես փոքր-ինչ այլ է։ Դեռ երեկ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ նոր Սահմանադրության նախագիծը, երբ միանգամից՝ ժամեր անց, Ադրբեջանից չուշացավ արձագանքը։ Պաշտոնական Բաքուն նույնիսկ ավելի շուտ հանդես եկավ գնահատականով, քան ՀՀ շատ սահմանադրագետներ, իրավաբաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ։ Ավելին՝ Ադրբեջանը ոչ միայն պարզապես արձագանքեց, այլև հայտնեց իր գոհունակությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հանդիպելով Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ, «բարձր է գնահատել» Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Սահմանադրության նախագիծը։ Չհաշված ՔՊ-ականներին ու ՔՊ-ամերձ քաղաքագետներին՝ սա թերևս միակ դրական գնահատականն է, որին առ այս պահը հանդիպում ենք։ Նույնիսկ չի էլ բացառվում, որ ադրբեջանցիներն այս նախագծին ավելի շուտ ծանոթացած լինեն, քան մենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Ադրբեջանի կողմից այս արագ արձագանքը հուշում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխվում է կամ մոտ է փոխվելուն ոչ թե ՔՊ-ական իշխանության նախաձեռնությամբ, այլ հենց Ադրբեջանի պահանջով, որն Արարատ Միրզոյանը վերաձևակերպեց՝ որպես նախապայման։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունների մասին ինքը խոսել է իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո, մոռանում է մի շատ կարևոր հանգամանք։ Այլ բան է խոսել Սահմանադրության փոփոխություններից՝ պայմանավորված ներքին պահանջով, այլ բան, երբ այն առնչվում է անմիջապես Ադրբեջանի շահերին։ Գուցե և Փաշինյանն իշխանության գալուց հետո ունեցել է ցանկություն ՀՀ Սահմանադրությունը փոխելու, սակայն այդ ժամանակվա պատկերացումներն ու այսօրվա նախագիծը տրամաբանորեն տարբերվում են իրարից ու չեն կարող նույնը լինել։ Իհարկե, ոչ ոք տեղյակ չէ, թե 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ինչպես էր պատկերացնում ՀՀ նոր Սահմանադրությունը, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ այն ժամանակ նա չէր մտածում Անկախության հռչակագրին արված հղումը հանել Սահմանադրությունից։ Ու այլ կերպ չէր էլ կարող լինել, հակառակ դեպքում՝ կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանում ու ապացուցում է այն թեզը, որ նա իշխանության է եկել միայն մեկ առաքելությամբ՝ հանձնել Արցախը։

Եկեք ընդամենը մեկ-երկու հայացք նետենք անցյալին, ու փաստերն իրենք իրենց մասին կխոսեն։ Նախքան պատերազմը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, կորուստների վերադարձ ու Արցախի հարցի լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուստի, այդ պահին կա՛մ Անկախության հռչակագրից հրաժարվելը չկար նրա պատկերացումներում, կա՛մ ստում էր ի սկզբանե։

Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու մասին առաջինը խոսեց Ալիևը, ու միայն դրանից հետո Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար սկսեց ձևավորել իր «իրական Հայաստան» գաղափարախոսությունն ու այն ներկայացնել որպես ներքին օրակարգ, իսկ ամբողջացավ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրեց վերջնագիր՝ քողարկված սպառնալիքներով։ «Խաղաղությունը ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Հայաստանին», «Եթե Նիկոլ Փաշինյանն արմատախիլ չանի Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները, դա ստիպված անելու ենք մենք»… Սրանք Ալիևի խոսքերն են, ինչին էլ հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումները, թե «Անկախության հռչակագիրն ու Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հիմնված են կոնֆլիկտի վրա»։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանն ունի երեք ճանապարհ. կա՛մ պետք է խոստովանի, որ սահմանադրական այս փոփոխություններն ամենևին էլ ՀՀ ներքին օրակարգը չեն, այլ պարտադրված են Ադրբեջանի կողմից, կա՛մ պետք է հայտարարի, որ ինքը մշտապես Անկախության հռչակագիրը համարել է կոնֆլիկտածին, Արցախը՝ թոկ մեր վզին, իսկ 2018 թվականին միտումնավոր ստում էր ու մոլորեցնում ժողովրդին, կա՛մ ընդունի, որ իշխանության գալուց եղել է քաղաքականապես ոչ գրագետ ու ողջ պաշտոնավարման տարիներին այդպես էլ ձեռք չի բերել պետական գործչին վայել հասունություն։

Կարեն Կարապետյան