Ինքնաթիռում ուղևորը պատանդ է վերցրել ուղեկցորդուհուն եւ սպառնացել կտրել նրա գլուխը

Ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռում ուղեւորը սպառնացել է կտրել ուղեկցորդուհու գլուխը, գրել է Mirror-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Delta Airlines ինքնաթիռում, Ատլանտա-Նոր Օռլեան թռիչքի ժամանակ։ Աղբյուրի տվյալներով՝ 39-ամյա Նելսոն Մոնթհոմերին կռիվ է սարքել, երբ թռիչքն արդեն մոտենում էր ավարտին։

Սկզբում նա ինչ-որ բանով վիրավորել է ինքն իրեն։ Երբ ականատեսները օգնության են կանչել օդանավի անձնակազմին, նրա պարանոցից արդեն արյուն էր հոսում։ Հետո Մոնթհոմերին բռնել է ուղեկցորդուհուն եւ սպառնացել «կտրել նրա գլուխը», եթե որեւէ մեկը մոտենա իրենց։ Ավելի համոզիչ լինելու համար տղամարդը տուժածի պարանոցին է մոտեցրել կոտրված ապակու կտորը։

Ուղեւորները եւ անձնակազմի մյուս անդամները փորձել են վնասազերծել ագրեսիվ ուղեւորին։ Ինչպես տեղեկացվել է, դրա համար պահանջվել են ութ մարդիկ։ Նրանք ստիպված են եղել պայքարել ագրեսիվ մարդու դեմ այնքան ժամանակ, մինչեւ որ ինքնաթիռը վայրջք է կատարել։

Չարագործին կալանավորել են։ Նա ինքը վիրավոր էր եւ հոսպիտալացվել է։ Ուղեկցորդուհուն օգնություն ցուցաբերել են տեղում՝ մշակելով նրա դեմքի երկու կտրվածքները։

Միջադեպից հետո ավիաընկերությունը հաստատել է տեղի ունեցածը եւ հայտարարել, որ նման վարքագիծ չի հանդուրժի։ Ներկայում իրավապահները պարզում են Մոնթհոմերիի վարքագծի դրդապատճառները եւ միջադեպի հանգամանքները։