Հունաստանում հայտարարվել է եռօրյա սուգ

Հունաստանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները հունական Պիլոս քաղաքից 50 ծովային միլ հեռավորությամբ խորտակված նավում եղած մարդկանց գտնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Ձկնորսական նավի խորտակման արդյունքում, որը Լիվիայից գաղթականներին տեղափոխում էր Իտալիա, նախնական տվյալներով զոհվել է 79 մարդ, 104-ի հաջողվել է փրկել։ Տարբեր տվյալներով նավում եղել է մինչև 750 մարդ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։

Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը երկրի պատմության ամենախոշոր ողբերգություններից մեկն է և հայտարարել են եռօրյա համազգային սուգ։