Լյուքսեմբուրգի ավագանու ընտրություններին առաջին անգամ կմասնակցի ազգությամբ հայ թեկնածու
Լյուքսեմբուրգ քաղաքում հունիսի 11-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններին առաջին անգամ կմասնակցի ազգությամբ հայ թեկնածու․ «Fokus» կուսակցության կողմից առաջադրվել է Տաթև Մանուկյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Տաթև Մանուկյանն ընդգծեց, որ Լուքսեմբուրգի տարբեր համայնքներում և մայրաքաղաքում անցկացվելու են համայնքային ավագանու ընտրություններ, որը ըստ նրա՝ պատմական է լինելու, քանի որ առաջին անգամ առաջադրվել է ազգությամբ հայ թեկնածու։ Այս ընտրություններին քվեարկելու իրավունք են ունենալու նաև Լյուքսեմբուրգի քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ունեն բնակության իրավունք։
Տաթև Մանուկյանը, ով 2020-2022 թվականներին եղել է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսը, նշեց, որ այս տարիներին գործունեություն է ծավալել հայ համայնքը Լյուքսեմբուրգի բազմազգ ու բազմատեսակ հասարակությանը միմյանց կապելու և ինտեգրելու ուղղությամբ: