Ի՞նչ է հասկանում Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը «համոզել» ասելով և ինչպե՞ս է պատրաստվում դա անել. Mediahub

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, բացի «այլ տարբերակներից», Սահմանադրության փոփոխության հետ կապված նշեց երկու ճանապարհ։ Առաջինը՝ համոզել ընդդիմությանը, երկրորդը՝ արտահերթ ընտրություններ։

Նրա կողմից նշված երկու տարբերակներն էլ չեն խոսում ընդդիմության օգտին։
Գալով վերջից՝ նշենք, որ որևէ իշխանություն չի գնա արտահերթ ընտրությունների, եթե նախապես համոզված չլինի իր հաղթանակի մեջ։ Իհարկե, հաղթանակ ասելով չպետք է ենթադրել, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վստահում է այս իշխանությանը։ Պարզապես երկու գործոն կարող են նպաստել նրանց հաղթանակին։ Այդ գործոններից մեկն արդեն կիրառված գործիքակազմն է, այն է՝ վարչական ռեսուրսի կիրառում, նախընտրական քարոզարշավի ժամանակ զանգվածային ձերբակալություններ և, ամենակարևորը, ԿԸՀ-ի կողմից ընդդիմադիր ուժի ձայների անվավեր ճանաչում։

Այն, ինչ արվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, աննախադեպ էր։ Ընտրակեղծիքներ ու ընտրախախտումներ եղել են բոլոր ժամանակներում, բայց որ ԿԸՀ-ն անցողիկ շեմը հաղթահարած կուսակցության ձայներն առանց այլևայլության անվավեր ճանաչի ու նրանց թույլ չտա ԱԺ մուտք գործել, դեռևս չէր եղել։ Հետևաբար, մի անգամ կիրառելով այդ մեթոդն ու համոզվելով դրա «անվտանգ» հետևանքների մեջ՝ իշխանությունն այդ տարբերակը կարող է կիրառել նաև արտահերթ ընտրությունների ժամանակ։

Հաջորդ գործոնն ընդդիմության հանդեպ հանրության հիասթափությունն է։ Եթե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների սեփական նախաձեռնությամբ, ապա ընդդիմությունը չի կարող հույս ունենալ, որ ոչ միայն ավելի, այլ նույնիսկ ներկայիս չափով կկարողանա քվե ստանալ։ Հաշվի առնելով, որ ժամանակն աշխատում է ի վնաս ընդդիմության՝ այն օրը, երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը կստանա սահմանադրական մեծամասնություն։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջին մտքին, այն է՝ ընդդիմությանը «համոզելուն», ապա ինքն էլ է շատ լավ հասկանում, որ չի կարող այդ հարցում ստանալ վերջիններիս համաձայնությունը։ Դաշտում դերակատարում ունեցող իրական ընդդիմադիր ոչ մի ուժ չի սատարի Նիկոլ Փաշինյանին, համենայն դեպս՝ Սահմանադրության փոփոխության հարցում։ Հետևաբար, ինչո՞ւ է Փաշինյանը հայտարարում մի բանի մասին, որի պատասխանը շատ լավ գիտի։ Իրականում այստեղ ոչ մի անտրամաբանական կամ իրար հակասող մոտեցում չկա։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ ենք մենք հասկանում ընդդիմությանը «համոզել» ասելով, և ինչ է հասկանում Նիկոլ Փաշինյանը։

«Համոզել» ասելով՝ բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բերել այնպիսի անառարկելի փաստեր, հօգուտ պետության մատնանշել այնպիսի հանգամանքներ, որ ընդդիմությունն այդ հարցում մի կողմ կթողնի քաղաքական տարաձայնություններն ու հանուն Հայաստանի Հանրապետության կաջակցի Փաշինյանին Սահմանադրության փոփոխության հարցում։ Այդպես կհասկանա նորմալ մարդը։

Իսկ Փաշինյանը «համոզել» ասելով հասկանում է բռնաճնշումների, շանտաժների, ֆինանսապես ու խոստումներով շահագրգռելու այն ողջ գործիքակազմը, որի օգնությամբ կկարողանա խորհրդարանական ընդդիմությունից կորզել այնքան պատգամավոր, որոնք կապահովեն անհրաժեշտ քվեները Սահմանադրությունը փոխելու համար։

Կարո՞ղ է… Այդ հարցի պատասխանատուն արդեն խորհրդարանական ընդդիմությունն է։ Հետևաբար, խորհրդարանում Փաշինյանին հակադրվող քաղաքական ուժերը պետք է շատ աչալուրջ լինեն իրենց պատգամավորների հանդեպ, որպեսզի կարողանան կանխել հնարավոր ճամբարափոխությունը, եթե, իհարկե, կարողանան կանխել։

Կարեն Կարապետյան