Ուղիղ մեկ տարի առաջ ապրիլի 25-ին մեկնարկեց դիմադրություն շարժումը
Մեկնարկից առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ ազդարարելով փողոցային վճռական պայքարի մասին՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի, որի «վերջնարդյունքն ազգադավ իշխանությունների հեռացումն է»։
«Մեր երկիրը հասել է այնպիսի մի հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև»,- իր ուղերձում նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ պայքարը հանուն իշխանության չէ և համընդհանուր է։
«Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ։ Սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
Այս պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար, այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ։ Մենք ունենք ներուժ․ դա մեր ժողովուրդն է։ Մենք ունենք կամք և վճռականություն», – հայտարարեց Սաղաթելյանը։
Դիմադրության շարժման հայտնի կագրախոսներն էին «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Զարթնի՜ր, Լաո», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Դիմադրության շարժումը գնալով թափ էր հավաքում, ստանում էր զանգվածային բնույթ, ընդվզում ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանի տարածքում, ինչը խուճապի էր մատնում իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը պարզ գիտակցում էր, որ շարժումը կարող է դառնալ իր իշխանության ավարտը, հետևաբար դիմեց ոստիկանական լայնածավալ ռեպրեսիաների՝ տոնելով պյուռոսյան հաղթանակ, հաղթանակ սեփական ժողովրդի հանդեպ։
Սակայն Դիմադրության շարժմանը թեպետ չհաջողվեց այդ փուլում Նիկոլ Փաշինյանին զրկել աղետաբեր իշխանությունից, սակայն արձանագրեց մի շարք կարևոր հաջողություններ։
Ինչպես շեշտեց Իշխան Սաղաթելյանը, շարժումը կասեցրեց Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, ստեղծեց իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև միջազգային գործընկերների համար՝ ակնհայտ դարձնելով Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։
Շարժումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Բացի այդ, շարժումն ակնհայտ դարձրեց, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար։