Քաղաքապետ, թե՞ տղա է ուզում դառնալ Ավինյանը

Տիգրան Ավինյանին առջևում շատ ավելի լուրջ փորձություններ են սպասվում, քան Երևանի ավագանու ընտրություններն են։ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ երևույթ։ Տիգրան Ավինյանը նախքան Երևանի քաղաքապետ դառնալը, դեռ պետք է ապացուցի, որ ինքը տղամարդ է։ Համենայն դեպս դա է քաղաքացիների պահանջը:

Երևանի քաղաքապետարանի տարածած տեսագրության մեջ Տիգրան Ավինյանը հանդիպում է Նոր Նորքի բնակիչների հետ, որտեղ նրանցից մեկը ձեռքը խփելով սեղանին, Ավինյանին հարցնում է․ այն ինչ ասում եք, լինելո՞ւ է, թե ոչ, ինչին ի պատասխան փոխքաղաքապետը պատասխանում է, որ ոչինչ չի խոստանում։ Նույն բնակիչը նախ ասում է, ուրեմն ոչինչ էլ չի լինի, այնուհետև գրեթե սպառնալից տոնով ավելացնում․ տղամարդու խոսք, Ավինյան։ Ի հավելումն այդ ամենի, վերջում Ավինյանի մենկած ձեռքը սեղմում է առանց տեղից վեր կենալու։

Հատկանշական է, որ նույնիսկ դրանից հետո Ավինյանը խուսափում է հստակ խոստում տալուց, այլ պարզապես մեկնում է ձեռքը, ինչը շատ բազմիմաստ ժեստ կարող է լինել ու պարտադիր չէ ընկալվել որպես խոստում։ Տղամարդուն, անկախ նրա զբաղեցրած դիրքից կամ ակնկալվող պաշտոնից, հարիր է հստակ խոսքը, կամ այո, կամ ոչ։ Երբ ինչ որ երիտասարդ հանդիպում է կյանքի ճանապարհ անցած, կենսափորձ ունեցող ու ալեհեր մազերով մարդկանց հետ, պետք է հստակ գիտակցի, որ իր խոսքը մերկացնելու են նույնիսկ կես բառից, որ խուսանավելու որևէ հնարավորություն չունի ու եթե ուզում է գոնե փրկել տղամարդկային դեմքը, պետք է հստակ լինի իր մոտեցումներում ու բառերում։ Այո, կամ ոչ, մնացած բառակույտն արդեն երկրորդական է։

Արդյունքում Ավինյանը հայտնվում է շատ զավեշտալի իրավիճակում։ Ստացվում է, որ նա հանդիպել էր բնակիչների հետ ոչ թե որպես փոխքաղաքապետ, որը ցանկանում է մարդկանց սիրտը շահելով ապագայում դառնալ քաղաքապետ, այլ եկել էր հանդիպելու որպես մի պատանյակ, որը ցանկանում է ապացուցել, որ ինքը տղամարդ է ու եթե ասում է կանեմ, ուրեմն կանի։ Բայց ակնհայտ է դառնում, որ իր որպես տղա ներկայանալու փորձերն ապարդյուն էին ու պատճառը շատ ակներև է։

Տղամարդ ձևանալու ու քաղաքապետ ընտրվելու քարոզչությունը չպետք է մեկտեղել։ Չպետք է միաժամանակ փորձել դառնալ և՛ տղամարդ, և՛ քաղաքապետ, քանի որ նախ տղամարդ լինում են, հետո են ձգտում դառնալ քաղաքապետ։ Այնպես որ Ավինյանին բարի խորհուրդ, թող քաղաքապետ դառնալու երազանքը մի պահ պաղեցնի, հետաձգի հաջորդ ընտրություններին, իսկ այս ընթացքում զբաղվի տղա դառնալու գործընթացով։

Սակայն բացի տղամարդկային որակներից, կա նաև քաղաքական կողմը։ Եկեք փաստենք, որ Տիգրան Ավինյանը չի վայելում մարդկանց վստահությունը, նրան չեն ընկալում ոչ միայն որպես ապագա քաղաքապետի, այլև չեն հավատում նույնիսկ նրա խոսքին։ Ավելին, ոչ միայն չեն հավատում խոսքին, հետը խոսում են սպառնալից տոնով ու ձեռքը սեղանին խփելով։

Բայց այստեղ հարցն այն չէ, թե ինչ խոստումներ էր պատրաստվում տալ Ավինյանը, կամ ինչ աշխատանքներ էր ցանկանում կատարել Նոր Նորքում։ Հարցը նույնիսկ այն չէ, թե որքանով այդ ծրագրերն իրականություն կդառնան։ Ամբողջ խնդիրը արհամարական մոտեցումն է բնակիչների կողմից։ Եթե շատ խորանանք, հարցը նույնիսկ Ավինյանն էլ չէ, այլ այն, որ այս երիտասարդները փողոցից միանգամից հայտնվելով իշխանության, վարկաբեկել են այդ պաշտոններն այն աստիճանի, որ կորել է մարդկանց հարգանքը այս կամ այն ոլորտի ղեկավարի նկատմամբ, կորել է հարգանքը ինստիտուտների նկատմամբ։ Չեն հարգում, որովհետև լուրջ չեն ընդունում, չեն հավատում ու որևէ դրական ակնկալիք չունեն։ Արհամարանքն ու վիրավորանքն է դառել քաղաքացի-իշխանություն դիալոգի առանցքն ու բառապաշարը։