Համառորեն ու երկարատև մերժումներից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա «աղջիկ փախցնելու» ճանապարհով. Mediahub

Փաշինյան-ընդդիմություն հարաբերությունները նմանվում են այն իրավիճակին, երբ աղջիկը հաստատաբար մերժում է, արհամարհում, երբեմն էլ վիրավորում, բայց տղան համառորեն շարունակում է սիրահետել՝ բերելով հազար ու մի պատճառաբանություն։ Նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել աղջկա «այո»-ին, փոխվում են միայն տակտիկական քայլերը։

Երբ Նիկոլ Փաշինյանը օրակարգի առաջնային թեմա դարձրեց նոր Սահմանադրության ընդունումը՝ այն տեղավորելով «պատերազմ կամ խաղաղություն» այլընտրանքում՝ ներկայացնելով որպես «խաղաղության պայմանագրի» վերջնական ստորագրման հիմք, միանգամից արժանացավ ընդդիմության մերժմանն ու կոշտ արձագանքին։ Հասկանալով, որ այդ պատճառաբանությունները չեն հանգեցնում ցանկալի արդյունքի, նա դիմեց շանտաժի՝ ընդդիմությանը մեղադրելով պատերազմ հրահրելու ու դրա միջոցով շահույթ ու քաղաքական դիվիդենտներ ստանալու մեջ։ Կրկին հանդիպելով մերժման՝ Նիկոլ Փաշինյանը առաջ բերեց իր հրաժարականի ու հետագայում չառաջադրվելու խայծը՝ հուսալով, որ դրանով կհասնի ընդդիմության «այո»-ին։ Այլ թեմա է, թե Նիկոլ Փաշինյանը որքան է ունակ պահելու իր խոստումներն ու պայմանավորվածությունները. խնդիրը տվյալ դեպքում առաջնային հարցը լուծելն էր. այն է՝ հասնել ընդդիմության եթե ոչ լիակատար աջակցությանը, ապա գոնե չեզոքությանը Սահմանադրության փոփոխության (նոր Սահմանադրության ընդունման) հարցում։

Սակայն այս մանիպուլյացիան նույնպես չտվեց իր ցանկալի արդյունքը։ Ընդդիմությունը ոչ միայն շարունակում է մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկները, այլև չի փոխում իր կոշտ հռետորաբանությունը. ավելին՝ էլ ավելի ինտենսիվ է դարձնում իրազեկման ակցիաները, որոնք իրականացվում են սահմանադրության հանրաքվեն կանխելու մտադրությամբ։

Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանն ամենևին չի հրաժարվում «ընդդիմությանը համոզելու» հռետորաբանությունից, մինչդեռ թվում էր, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորություն այլևս չի մնացել։

Ըստ այդմ՝ ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում խոսել «համոզելուց» ու «երկխոսելուց» այն պարագայում, երբ թվում է, թե հնարավոր միակ ելքը մնացել է արտահերթ ընտրությունները։ Սակայն խորհրդարանական նոր ընտրությունները կարող են դիտարկվել որպես վերջին հնարավորություն, քանի որ այն որքան ռիսկ պարունակում է ընդդիմության համար, այդքան էլ՝ իշխանության։ Իհարկե, ընդդիմությունը ԱԺ-ում կարող է այլևս չունենալ այն ներկայացվածությունը, որն ունի այսօր՝ հաշվի առնելով հանրության հիասթափվածությունը չկատարված խոստումներից, բայց ընդդիմությունից հիասթափվելն ինքնաբերաբար չի հանգեցնում իշխանության սահմանադրական մեծամասնության ձևավորմանը։ Արտահերթ ընտրությունների արդյունքում կարող են Ազգային ժողով անցնել նաև այլ քաղաքական ուժեր, որոնց վրա Նիկոլ Փաշինյանը չի կարող հույս դնել. վերջապես՝ կարող է ստեղծվել նաև քաղաքական ճգնաժամ ու որևէ ուժի չհաջողվի միայնակ իշխանություն ձևավորել։ Թեպետ Նիկոլ Փաշինյանն իր զինանոցում ունի վարչական ռեսուրսների օգտագործումը, ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը՝ տարբեր դրսևորումներով, ունի ԿԸՀ, որն իր հրահանգով կարող է չեղյալ համարել ցանկացած քաղաքական միավորի ստացած քվեները, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության մեծամասնությունը փաստացի չի վստահում իշխանությանը՝ ապա ՔՊ-ն չի կարող չտեսնել հնարավոր տապալման հեռանկարները։

Հաշվի առնելով այս ամենը՝ հերթական անգամ հարկ ենք համարում ֆիքսել, որ «համոզել» ասելով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ակնկալում է ոչ թե հասնել բաղձալի «այո»-ին, այլ գնում է «աղջիկ փախցնելու» ճանապարհով, որի դերում դեռևս անանուն այն 6 պատգամավորներն են, որոնք կարող են ամբողջացնել իշխանություն-ընդդիմություն «երկխոսելու» գործընթացը։ Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը կուռ պահել իր շարքերը՝ մենք կգնանք արտահերթ ընտրությունների՝ իրենց ողջ ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ. չի՞ կարողանա՝ ապա կփաստենք, որ իրենք ավարտեցին իրենց քաղաքական կյանքը՝ դեռ ամբողջովին չսկսած։

Կարեն Կարապետյան