Եթե Ռուբեն Ռուբինյանը այսօր քաղհալածյալներին համարում է հանցագործ, ապա պետք է խոստովանի, որ հանցագործ է եղել նաև իր հայրը՝ Կարապետ Ռուբինյանը. ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական հոդված չկա. Mediahub

Այսօրվա ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը փոքրիկ դասախոսություն կարդաց, թե ով է համարվում քաղբանտարկյալ, ու իր սեփական խոսքերը հիմք ընդունելով՝ եկավ այն եզրահանգման, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ ա՛յ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, կրկին իր տրամաբանությամբ, քաղբանտարկյալներ եղել են։ Անձամբ իմ համոզմամբ՝ քաղբանտարկյալներ եղել են ՀՀ բոլոր իշխանությունների օրոք, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ծավալները հասել են անասելի մասշտաբների, սակայն ներկա պահին հարցը Ռուբեն Ռուբինյանի մանիպուլյացիան է։ Եթե նա հերքում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, ապա պետք է խոստովանի, որ քաղբանտարկյալներ չեն եղել նաև նախկին նախագահների օրոք։

Եթե նա այսօր բանտում կամ տնային կալանքի տակ գտնվող, խոսքի ու տեղաշարժման ազատությունը սահմանափակված մարդկանց չի համարում քաղբանտարկյալ ու յուրաքանչյուրի կարգավիճակը դիտարկում է ըստ ներկայացված մեղադրանքների, ապա պետք է հրապարակավ հայտարարի, որ Հայաստանում երբեք չեն եղել, չկան ու տեսանելի ապագայում չեն կարող լինել քաղբանտարկյալներ։ Պատճառն այնքան պարզ է, որ հավանաբար Ռուբեն Ռուբինյանի մտքով նույնիսկ չի էլ անցել։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում երբեք չի եղել ու չկա որևէ հոդված, որը սահմանում է, որ մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել քաղաքական գործունեության համար։ Քաղաքական հայացքների, գործունեության կամ խոսքի համար ձերբակալված ցանկացած մարդու առաջադրվում է մեղադրանք քրեական օրենսգրքի հոդվածներից որևէ մեկին համապատասխան։ Շեշտում եմ հատուկ նրանց համար, ովքեր լավ չեն ընկալում այս տարբերությունը, մասնավորապես՝ Ռուբեն Ռուբինյանի համար. ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական հոդված գոյություն չկա։

Եթե նա հիմք է ընդունում այսօր հալածանքների ենթարկվող մարդկանց առաջադրված մեղադրանքները, համաձայն որոնց՝ մեկը պատրաստվում էր ահաբեկչություն կազմակերպել, մեկը գրոհել Ազգային ժողովը (խորհրդարանը գրոհելու փորձ ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանը), մյուսը ընտրակաշառք էր վերցնում, մյուսն էլ թալանում, ապա պետք է փաստի, որ իր սեփական հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, նույնպես ժամանակին չի եղել քաղբանտարկյալ։ Կարապետ Ռուբինյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտին, ու նրան մեղադրում էին իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Ինչպես տեսնում ենք, իշխանազավթումը պակաս հանցանք չէ, քան ԱԺ-ն գրոհելը, նույնիսկ ավելին։ Ի դեպ, անձամբ ես համարում եմ, որ Կարապետ Ռուբինյանը եղել է քաղբանտարկյալ, իսկ նրան հանցագործ է համարում իր սեփական որդին։ Ըստ այդմ՝ լավ կլինի Ռուբեն Ռուբինյանը կարողանա կողմնորոշվել. կա՛մ քաղբանտարկյալ են բոլոր ժամանակներում քաղաքական գործունեության արդյունքում ձերբակալված մարդիկ, կա՛մ հանցագործ են բոլորը, ներառյալ իր հայրը։

Հ.Գ. Կարապետ Ռուբինյանին անդրադարձը չի կարող համարվել ընտանիքի անդամներին թիրախավորում, քանի որ նա եղել է ԱԺ փոխնախագահը ու Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը՝ մի մարդու, ում Ռուբեն Ռուբինյանը համարում է ՀՀ անկախության թշնամիներից մեկը։

Կարեն Կարապետյան