ԵՄ-ի դռները փակվո՞ւմ են Հայաստանի առաջ․ ի՞նչ է շահելու Երևանը՝ հրաժարվելով ԵԱՏՄ-ից. Mediahub
Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի և «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին մասնակցության շրջանակում կրկին օրակարգային է դարձել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։
Euronews-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ, ուստի ապագայում երկիրը պետք է ընտրություն կատարի։ Ընդ որում՝ նա չի բացառել, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը կարող է քննարկվել արդեն 2027-2028 թվականներին՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պահին իշխանությունների ուշադրության կենտրոնում վիզաների ազատականացման երկխոսությունն է։
MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի՝ միաժամանակ երկու տնտեսական միությունների անդամ լինելու անհնարինությունն ակնհայտ է, սակայն շատ ավելի կասկածելի է հենց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։ «Այն, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, միանշանակ է։ Սակայն այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը երբևէ կարող է դառնալ ԵՄ անդամ, ինչը խիստ կասկածելի է։ Իհարկե, կա վտանգ, որ զրկվելով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը կարող է մնալ դատարկաձեռն, քանի որ ԵՄ-ին անդամակցելն իրատեսական չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն ինքը հայտարարել է, որ այլևս ընդլայնման ցանկություն չունի։ Իրատեսական չէ, որ Հայաստանը երբևէ կարող է ինտեգրվել ԵՄ կազմում։ Այլ բան է, որ Հայաստանը ճկուն դիվանագիտության շնորհիվ կարող է օգտվել ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ շուկաներից»,- նշեց Կարեն Կարապետյանը։
Փաշինյանի խոսքով՝ մինչև վերջնական որոշման կայացումն անհրաժեշտ է ստեղծել այլընտրանք և այդ հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների դատին։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը պետք է որոշի՝ շարունակե՞լ մնալ ԵԱՏՄ կազմում, թե՞ ընտրել եվրոպական ուղղությունը։
«Եթե ամեն ինչ պետք է թողնվի ժողովրդի հայեցողությանը, ապա ստացվում է, որ ընդհանրապես քաղաքական իշխանություն պետք չէ մեզ։ Մեզ պետք է ընդամենը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը պարզապես հանրաքվեներ կկազմակերպի, և ժողովուրդը, ինչպես Հին Հունաստանում, երբ հավաքվում ու ուղիղ ընտրությամբ որոշում էին այս կամ այն հարցը, այնպես էլ կարող է ցանկացած հարց որոշել։ Այդ դեպքում ինչո՞ւ է մեզ պետք քաղաքական իշխանությունը»,- հարցադրում է անում քաղաքագետը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է բազմազանեցնել իր քաղաքական և տնտեսական կապերը։ Իսկ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանին «հաջորդ Ուկրաինա» դառնալու վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի նպատակը սեփական անկախության ամրապնդումն ու ավելի անկախ երկիր դառնալն է։
«Չեմ կարծում, որ Հայաստանը կդառնա Ուկրաինա, որովհետև իրավիճակներն ու խնդիրները տարբեր են։ Այն պոտենցիալը, որը Եվրոպան ներդնում էր Ուկրաինայում, միանշանակ չի ներդնելու Հայաստանում»,- նշեց քաղաքագետը։
Հայաստանի եվրոպական հեռանկարը, բնականաբար, հնարավոր չէ դիտարկել նաև տարածաշրջանային զարգացումներից առանձին։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացման և հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները կարող են էական ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունների վրա։ Փաշինյանը ևս հայտարարել է, որ եվրոպական ուղղությունը չի ենթադրում Հայաստանի մեկուսացում տարածաշրջանից։
Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այսօր դժվար է բնութագրել որպես հավասար գործընկերային հարաբերություններ։
«Միանշանակ, այս աշխարհաքաղաքական գործընթացներում տեղի ունեցող բոլոր զարգացումները փոխկապակցված են։ Սակայն իմ համոզմամբ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն։ Կա պարզապես պարտադրանք և այդ թելադրանքի կատարում»,- եզրափակեց քաղաքագետը։