Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանն անցել է ընդդիմությանը «համոզելու» գործընթացին. Mediahub
Երբ տարվա մեջ մի քանի անգամ խուզարկում են նույն մարդու տունը, բնականաբար, ոչինչ հայտնաբերելու մտադրություն չկա, եթե, իհարկե, չեն պատրաստվում արդեն առգրավել կենցաղային իրերը, օրինակ՝ հեռուստացույցը, սառնարանը կամ լվացքի մեքենան։
Հետևաբար, ո՞րն է իմաստը 4-րդ անգամ խուզարկել Սամվել կամ Նարեկ Կարապետյանների բնակարանները։ Ի՞նչ էին այնտեղ փնտրում իրավապահները։ Կարծում եմ՝ ոչինչ, որովհետև այն ամենը, ինչ տեսականորեն կարող էր հետաքրքրել պատկան մարմիններին, կգտնեին հենց առաջին խուզարկության ժամանակ։ Իսկ դրանից հետո, երբ մարդը գտնվում է ամբողջական վերահսկողության տակ, իր տանն այլևս ոչ մի նշանակալի բան չի պահի, որը հնարավորություն տա իշխանություններին՝ հետագա շահարկումների։
Հետևաբար, այսօրվա խուզարկությունները ոչ թե ինչ-որ «օպերատիվ տեղեկությունների» արդյունք են, այլ Նիկոլ Փաշինյանն անցել է ընդդիմությանը «համոզելուն», որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը։
Միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը, «համոզել» ասելով, նկատի ուներ հանրային ու քաղաքական քննարկման արդյունքում ապացուցել, որ նոր Սահմանադրությունն իրավական այն բացառիկ փաստաթուղթն է, որը լավագույնս արտահայտելու է Հայաստանի Հանրապետության շահը։ Նիկոլ Փաշինյանն ունի «համոզելու» իր մեթոդները, որոնք արտահայտվում են ճնշումների, շանտաժի ու քրեական գործերի հարուցմամբ։
Սակայն «համոզելու» թիրախն ամենևին էլ Սամվել Կարապետյանը չէ։ Նիկոլ Փաշինյանը գործում է «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսի» տրամաբանությամբ։ Իրական թիրախն այն 6 պատգամավորներն են, որոնց անհրաժեշտ է պոկել ընդդիմությունից, որպեսզի Ազգային ժողովում ապահովվի սահմանադրական փոփոխությունների հետ կապված անհրաժեշտ քվեն։ Իհարկե, այս պահի դրությամբ այդ 6 հոգին դեռևս չունեն հստակ անուն-ազգանուններ, սակայն եթե Փաշինյանը գնալով ավելի «համոզիչ փաստարկներ» բերի, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում մենք նրանց ճանաչենք դեմքերով։
Կարեն Կարապետյան