«Չիմանալն ամոթ չէ, ամոթը չգիտակցելն է, որ այդ մասին չգիտես». քաղաքական ձեռնարկ՝ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի համար. Mediahub

Սովորաբար ցանկացած քաղաքական միավորի ինտելեկտուալ ներուժի ցուցիչն իր բանախոսներն են, որոնց միջոցով տվյալ ուժն իր գաղափարները, մոտեցումներն ու ծրագրերը հասցնում է հանրությանը։ Հետևաբար, քանի որ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը ոչ միայն այդ խմբակցության պատգամավորներից է, այլև ամենաակտիվներից մեկը, ապա ՔՊ-ի ինտելեկտուալ պաշարը չափվում է այն ինտելեկտուալ պաշարով, որն ունի ՔՊ-ի տվյալ ներկայացուցիչը։

Իսկ թե որքան են նրա ինտելեկտուալ կարողությունները, երևում է հարցերին տրված նրա պատասխաններից։

Օրինակ՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների այն հարցին, թե բացի արտահերթ ընտրություններից որո՞նք են լինելու հնարավոր այլ քայլերը, եթե ընդդիմությունը չմիանա Սահմանադրական փոփոխությունների հետ կապված իշխանության նախաձեռնությանը, Հասմիկ Հակոբյանը մոտավորապես պատասխանում է. «Սցենարներից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը միանա նախաձեռնությանը»։

Հիշենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք կփորձենք ընդդիմությանը համոզել, որպեսզի աջակցեն Սահմանադրության փոփոխությանը, իսկ եթե չհաջողվի, ապա հետագա սցենարներից մեկը կարող է լինել արտահերթ ընտրությունները»։

Ըստ այդմ՝ Սահմանադրության փոփոխությանը ընդդիմության չմիանալու դեպքում, բացի արտահերթ ընտրություններից, ընդդիմության միանալը չի կարող լինել մեկ այլ սցենար։ Առաջին հայացքից նման ձևակերպումը կարող է անհեթեթ թվալ, բայց միշտ էլ այդպես է ստացվում, երբ փորձում ես մեկնաբանել մեկ այլ անհեթեթություն։

Հիմա ընթերցողը պետք է հետևություն անի, թե այնուամենայնիվ որքա՞ն է ՔՊ-ի ինտելեկտուալ ներուժը, երբ իրենց ներկայացուցիչը, բացի արտահերթ ընտրություններից, զարգացման հնարավոր սցենար է դիտարկում այն տարբերակը, որն ի սկզբանե պետք էր բացառել, քանի որ եթե ընդդիմությունն աջակցի իշխանությանն այդ հարցում, ապա ոչ միայն արտահերթ ընտրություններն են դուրս գալու օրակարգից, այլ նաև դրա այլընտրանքային սցենարները։

Բայց խեղճ պատգամավորն իրեն նման անհեթեթ վիճակում է դնում նաև այն պատճառով, որ ամենայն լրջությամբ կարծում է, իբր ինքը քաղաքական գործիչ է։ Եթե մենք նույնպես առաջնորդվենք այն կանխավարկածով, որ նրա պատկերացումները սեփական անձի մասին որոշ չափով ճիշտ են, ապա պետք է փաստենք, որ մերօրյա քաղաքական գործիչներին թվում է, թե իրենց քաղաքական գործունեության միակ գրավականն ամենագետ երևալն է։

Մինչդեռ իրականությունն այն է, որ Հասմիկ Հակոբյանն ինքն էլ չգիտի, թե որն է, բացի արտահերթ ընտրություններից, հնարավոր մեկ այլ սցենար։ Բայց քանի որ Հասմիկ Հակոբյանն այդ մասին բոլորիս նման լսել է միայն Նիկոլ Փաշինյանից ու հիմա, փորձելով թողնել տպավորություն, իբր ինքը գտնվում է քաղաքական գործընթացների կիզակետում, ինքն իրեն դնում է անհեթեթ իրավիճակում ու խճճվում արտաբերած բառերի կույտում։

Այնինչ որքան շատ ավելի ընդունելի կլիներ, եթե պարզ ասեր՝ դեռևս չգիտեմ, չեմ տիրապետում ինֆորմացիային, դեռ պետք է քննարկենք…

Հ․Գ․ Որպես խորհուրդ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, թե իրենք քաղաքական գործիչներ են։ Քաղաքականության մեջ պարտադիր չէ իմանալ բոլոր հարցերի պատասխանները, ու երբ լրագրողը տալիս է մի հարց, որի պատասխանը չես իմանում, ապա «կրուտիտների» փոխարեն լավ կլինի ազնվորեն ասել՝ «չգիտեմ»։

Այդ պարզ, մարդկային պատասխանը հնարավորություն է տալիս խուսափել հիմար իրավիճակներում հայտնվելուց, քանի որ որքան շատ ես փորձում երևալ որպես ամենագետ, այդքան հարցից հարց է ծնվում, ու որքան խորանում են հարցերը այնպիսի թեմայի շուրջ, որին չես տիրապետում, այդքան ծիծաղելի է դառնում իրավիճակը։ Ու դրանից հետո լրագրողները մոտենում են քեզ հարցերով ոչ թե ինֆորմացիա իմանալու, այլ մի փոքր զվարճանալու ու քո պատասխաններից լավ վերնագրեր ստանալու համար։

Հ.Գ. Չիմանալն ամոթ չէ, ամոթը չգիտակցելն է, որ այդ մասին չգիտես։

Կարեն Կարապետյան