Փաշինյանը նմանվում է Դերվիշ բաբային. նրա բոլոր «կանխատեսումները» հաջորդ օրը իրավապահները դարձնում են իրականություն. Mediahub

Պաշտոնանկությունից հետո ամենահարմար զբաղմունքը Նիկոլ Փաշինյանի համար, կարծում եմ, կլինի բախտագուշակությամբ կամ կանխատեսմամբ զբաղվելը։ Նա փայլուն ընդունակություններ ունի «մարգարեության» հարցում։ Նրա ցանկացած ելույթ, որն առաջին հայացքից ունենում է տեսական բնույթ, հաջորդ օրը իրավապահների կողմից դառնում է իրականություն։

Օրինակ՝ երբ նա խոսում է թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելուց, հաջորդ օրը իրավապահները ձերբակալում են որևէ մեկին՝ ապօրինի գույք ձեռք բերելու հոդվածով։ Երբ նա խոսում է քաղաքական խոսույթի փոփոխություններից, հաջորդ օրը որևէ մեկը ձերբակալվում է «ատելության» խոսք տարածելու մեղադրանքով։ Երբ նա հայտարարում է, որ Գարեգին Բ անունով կաթողիկոս չի ճանաչում, հաջորդ օրը պարզվում է՝ ՔՊ-ում ոչ ոք նման մարդու չի ճանաչում։ Երբ նա հայտարարում է որևէ կուսակցությանը «գլխատելու» անհրաժեշտության մասին, անպայման մյուս օրը այդ քաղաքական ուժի ղեկավարը հայտնվում է կալանքի տակ։ Երբ նա խոսում է ՀՀ տարածքներից, հանկարծ պարզվում է, որ իր սեփական քաղաքական թիմի բոլոր անդամները դեռ դպրոցից ամեն օր, աղոթքի պես, ասում էին «29 743 քառակուսի կիլոմետր» ու նոր քնում։ Երբ նա խոսում է Ալմա Աթիի հռչակագրից, ապա բոլոր ՔՊ-ականները, որոնց կեսը երևի նախկինում տեղյակ էլ չէր Ալմա Աթի քաղաքից, պարզվում է՝ անգիր գիտեն այդ հռչակագրի ողջ տեքստը։ Օրինակները բազմաթիվ են. այդպես է լինում ամեն անգամ, և երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է որևէ մարդու մասին, ապա այդ մարդը պետք է դասավորի անհրաժեշտ իրերը բանտ գնալու համար։ Երբ նա խոսում է որևէ երևույթից, ապա մենք բոլորս պետք է պատրաստվենք դրա ականատեսը լինելուն։ Ընդ որում, նրա բոլոր կանխատեսումներն իրականանում են կայծակնային արագությամբ։ Այսօրվա նրա խոսքը վաղվա գործն է իրավապահների համար։ Ոչ, նա հրահանգ չի տալիս, նա ուղղակի «մարգարեանում է»։

Ճիշտ այդպես էլ նա «մարգարեացավ» երեկ, երբ խոսում էր ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումներից ու հորդորում, որ բոլոր նրանք, ովքեր բախվում են նման իրավիճակների, անպայման անձնական նամակով գրեն իրեն։ Խոսքը դեռ երեկ էր հնչել, իսկ այսօր պարզվեց, որ նա նախօրոք «զգում էր» խախտումների մասին. արդյունքում այսօր մեկ տասնյակից ավելի ընդդիմադիրներ ձերբակալվեցին իրավապահների կողմից։

Նիկոլ Փաշինյանը նմանվում է «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթի Դերվիշ բաբային, որն ինչ ասում էր թագավորին մի օր առաջ, հաջորդ օրը դառնում էր իրականություն:

Կարեն Կարապետյան